Գալիք ընտրություններին Արծվիկ Մինասյանն «ակտիվ է լինելու»

Բնապահպանության նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին լրագրողներն առաջինը հետաքրքրվեցին քաղաքականությունից՝ Արծվիկ Մինասյանից հարցնելով, թե, որպես դաշնակցական նախարար, ինչ է անելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեներ ապահովելու համար։

Մինասյանն ասաց, որ այս հարցում ակտիվ է լինելու, առաջ է տանելու Դաշնակցության գաղափարները՝ հիմնվելով խմբագրված Սահմանադրության, նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12 ելույթի և Հանրապետականի ու Դաշնակցության միջև ստորագրված հուշագրի վրա․ - «Բնականաբար, մեր ընտրողների ձայների մի զգալի հատվածը պայմանավորված է լինելու նաև այն կուսակցության պատասխանատուի աշխատանքով, որը Կառավարության անդամ է, և որի վարքագիծը նաև ուղղակիորեն կապված է հենց կուսակցության վարքագծի հետ: Եվ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր ընտրողները տեսնեն, որ այն, ինչ հայտարարվում է Դաշնակցության կողմից, ոլորտային քաղաքականության առումով առնվազն, նահանջ չկա»:

Արդեն երեք ամիս Բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մինասյանը խոստովանեց, որ ոլորտում խնդիրները քիչ չեն՝ սկսած օրենսդրական բացերից մինչև համակարգային կոռուպցիոն ռիսկերը։ Վերջինն արմատավորված է հատկապես վերահսկողության օղակում:

Բնապահպանական տեսուչների և անտառապահների ոչ-օրինական համագործակցության մասին հարցին նախարարն արձագանքեց․ - «Անշուշտ այդպիսի խնդիր կա: Անշուշտ այս ուղղությամբ նաև մենք իրականացրել ենք համապատասխան վարույթի փոխանցման աշխատանքներ, այսինքն՝ հարուցված գործեր կան այս ուղղությամբ»:

«Ազատությունը» Մինասյանից հետաքրքրվեց, թե արդոք ծանոթ է Ամերիկյան համալսարանի իրականացրած ուսումնասիրությանը, որի համարձայն Ալավերդում, Ախթալայում, ինչպես նաև Երևանի Էրեբունի վարչական շրջանում ապրող երեխաների արյան մեջ կապարի մակարդակը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորմը։ Ուսումնասիրվել է նաև Ալավերդիում հողի մեջ ծանր մետաղների պարունակությունը, և ստացված պատկերը նույնպես մտահոգիչ է։

«Այդ տեղեկատվությունը ուսումնասիրում ենք․ վերլուծության հակիրճ տարբերակը փոխանցված է մեզ՝ եթե մենք խոսում ենք նույն ուսումնասիրության մասին: Արդեն հանձնարարականը կա, որպեսզի հունվարի առաջին տասնհինգ օրվա ընթացքում մենք կարողանանք կազմակերպել քննարկումներ և կիրականացնենք այս աշխատանքները», - նշեց նախարարը:

Անդրադառնալով Ամուսլարի հանքավայրի շահագործմանը՝ Արծվիկ Միասյանը նշեց, որ իրականացված փորձաքննությունները եղել են օրենքի շրջանակում։ Իսկ բնապահպանների պնդումներին, թե հանքավայրն առաջին հերթին վտանգելու է երկրի ջրային ռեսուրսների համակարգը՝ խմելու ջուրը թունավերելով վտանգավոր նյութերով, որ ոսկու հանքի շահագործման արդյունքում խաչ է քաշվելու Ջերմուկի, որպես առողջարանային քաղաքի վրա, նախարարն արձագանքեց․ - «Եթե կա այլ մոտեցում, կա իրավական հիմնավորում եզրակացությունը վերանայելու, հրապարակային ենք հայտարարել՝ մենք պատրաստ ենք քննարկել: Բայց, մյուս կողմից, չի կարելի անընդհատ խոսել մի թեմայի մասին առանց իրավական հիմքերին համապատասխան վերանայված փաթեթի, որովհետև սրա արդյունքում մենք վնասում ենք նաև այն նախաձեռնությունները, որոնք կապված են բնապահպանական ծրագրերի հետ»:

Մինասյանը նկատեց նաև, որ փորձաքննության գործող համակարգն այսօր բավարար չէ, ավելին՝ թույլ է․ - «Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք»։

«Ազատության» հարցին, թե այդ պարագայում կարիք չկա արդյոք նախ փորձաքննության համակարգը կատարելագործել․ գուցե նոր համակարգով պարզվի, որ ոսկու հանքն իսկապե՞ս վտանագավոր է շրջակա միջավայրի համար, նախարարը պատասխանեց․ - «Այս պահի դրությամբ մենք դեռ չունենք հանքի շահագործում, միանգամից դուք պահանջում եք, որպեսզի կասեցվի կամ չեղյալ ճանաչվի: Ի՞նչ իրավական հիմքով: Ես հասկանում եմ, որ այս իմ խոսքերը շատ հասարակական կազմակերպություններ․․․ գրոհ կկազմակերպվի: Իսկ ես ձեզ կոչ եմ անում սահմանադրականությունը հարգել»:

Հանքարդյունաբերության թեման շարունակվեց նաև ասուլիսից հետո՝ Բնապահպանության նախարարության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ։ Ընդերքն անխնա օգտագործելու դեմ պայքարող մի խումբ բնապահպաններ, ընդհատելով տոնական միջոցառումը, նախարար Մինասյանին նվիրեցին պոչամբարներից, թունավորված գետերից և ցիանային հարթակից վերցված շշով ջուր, որը նրանք անվանել են «սեղանի խմելու այլընտրանքային ջուր»։

Նախարարը չխուսափեց արձագանքից․ - «Շնորհակալություն եմ ուզում արտահայտել այս ակտիվության համար: Բնապահպանությունը այն ոլորտն է, որտեղ այս ակտիվությունը կարևոր է: Ես քաջալերում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ, և խնդրում ու հորդորում եմ ձեզ աշխատել պետական լիազորված մարմնի հետ, որպեսզի մենք հետագայում ունենանք մաքուր խմելու ջուր»: