Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ-ի քարտուղարությունը

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան երևանյան գագաթնաժողովի ժամանակ, արխիվ

Սանկտ-Պետերբուրգում ևս Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվեց: Ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը կդիտարկվի հաջորդ տարվա ապրիլին՝ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Պայմանավորվել ենք, որ ապրիլին տեղի կունենա հավաքական անվտանգության հերթական նիստը, որտեղ ամբողջապես կդիտարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր հարցը չի դիտարկվել, քանի որ քվորում չկար: Դուք գիտեք, որ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակությունն այս աշխատանքային հանդիպումներին չէր մասնակցում», - Բորդյուժայի խոսքերն է մեջբերում ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությունը:

ՀԱՊԿ-ի պետերբուրգյան գագաթնաժողովին չէր մասնակցում Բելառուսի պատվիրակությունը: Այսօր ավելի վաղ, սակայն, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Բելառուսի ղեկավարի բացակայությունը չի խոչընդոտի նախատեսված փաստաթղթերի ստորագրմանը, քանի որ դրանք նախապես համաձայնեցված էին և կուղարկվեն Բելառուս՝ ստորագրման համար:

Հայաստանը չստանձնեց ՀԱՊԿ քարտուղարությունը նաև երկու ամիս առաջ Երևանյան գագաթնաժողովի ժամանակ, երբ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ չէր մասնակցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստի ավարտին հայտնի դարձավ, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն օրակարգից դուրս է եկել: Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը քննարկվելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին:

2003 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան, դեռ մեկ տարի առաջ քարտուղարության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, սակայն որոշում կայացվեց հարցը մեկ տարով հետաձգել:

Թե ինչու պետերբուրգյան հավաքին ներկա չէր Բելառուսի նախագահը, հայտնի չէ: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին լավ կլինի խոսի բելառուսական կողմը: Ընդ որում, Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լուկաշենկոն այսօր Մինսկում աշխատանքային քննարկման է մասնակցել:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը հանդիսացող Բելառուսի ղեկավարը մեկ ամիս առաջ պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում և հայտարարեց, որ ինքը վարձահատույց կլինի իրեն շնորհված «Հեյդար Ալիև» շքանշանի համար:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ գտնվող Բելառուսի ղեկավարի բացակայությունը կարող է կապ ունենալ Հայաստանի ներկայացուցչի ընտրության հետ․ - «Ինչի՞ց է առաջացել այդ պրոբլեմը՝ Հայաստանի ներկայացուցչին հաստատալ գլխավոր քարտուղար: Դա առաջացել է նրանից, որ Ադրբեջանը մտահոգություն հայտնեց նույն Բելառուսին, նույն Ղազախստանին, նույն Ռուսաստանին, որ իրենք դեմ են, որ Հայաստանի գեներալներից մեկը լինի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Հիմա դուք կարող եք ասել՝ չհասկացանք, Ադրբեջանը անդամ չի: Ահա: Ստացվում է, որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի ՀԱՊԿ-ում ավելի մեծ ազդեցություն, քան Հայաստանը»: