Թուրքիայում շարունակվում են քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունները

Թուրքիայի ներքգործնախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հաջորդ տարվա գարնանից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարը նոր թափ կստանա:

Թուրքիայում շարունակվում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և ղեկավար կազմի ներկայացուցիչների ձերբակալությունները:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Դիարբեքիրի հանրապետական դատախազության իրականացրած հետաքննության շրջանակներում այսօր առավոտյան Անկարայում ձերբակալվել է կուսակցության փոխնախագահ Այսել Թուղլուքը: Վերջինիս հետ ձերբակալվել է ևս 5 մարդ: Նրանք մեղադրվում են զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ:

Ավելի վաղ նույնպիսի մեղադրանքով կալանավորվել էին Թուրքիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցության 59 պատգամավորներից 12-ը, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Անցած ուրբաթ ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել նույն կուսակցության պատգամավոր, թուրքական մեջլիսի փոխնախագահ Փերվին Բուլդանը: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, այսօր առավոտյան ձերբակալվել են նաև «Դիքեն», «Դիհաբեր», «Յոլջուլուք» և «Բիր Գյուն» լրատվական կայքերի հինգ լրագրողներ: Նրանք ևս մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:

Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում թուրքական ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում նաև սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում: Թուրքիայի ներքին գործերի նախարարության օրերս հրապարակած տվյալների համաձայն` վերջին վեց ամսվա ընթացքում 3710 մարդ բերման է ենթարկվել սոցկայքերում «հասարակության մեջ ատելություն սերմանող, ահաբեկչություն քարոզող, պետության ամբողջականությանն ու քաղաքացիների անվտանգությանը սպառնացող» գրառումներ անելու համար:

Սոցցանցերի 1656 օգտատերերի նկատմամբ կալանավորման որոշում է ընդունվել: Նախարարության զեկույցի համաձայն` վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում Քուրդիստանի բանվորական կուսակցությանն օժանդակելու կասկածանքով 508 մարդ է ձերբակալվել, որոնցից 78-ը կալանավորվել են:

Թուրքիայի ներքգործնախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հաջորդ տարվա գարնանից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ պայքարը նոր թափ կստանա: