Ընդհանուր առմամբ 45 նավ, հինգ ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր որոնողական աշխատանքներ են իրականացնում Սև ծովի այն շրջանում, որտեղ հայտնաբերվել էին կիրակի օրը կործանված «Տու-154»-ի բեկորները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ, մասնավորապես, «Գրանատ-4» դրոնները դիտարկում են որոնման հնարավոր բոլոր ուղղությունները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Տու-154» ինքնաթիռը անհետացել էր ռադարներից կիրակի օրը վաղ առավոտյան՝ Սոչիի Ադլեր օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց: Ավելի ուշ՝ ծովի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել էին ինքնաթիռի բեկորները: Նախնական տվյալներով, ինքնաթիռի բոլոր 92 ուղևորները զոհվել են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կառավարական հանձնաժողով ստեղծել ինքնաթիռի կործանման պատճառները քննելու համար:
Ռուսաստանը դեկտեմբերի 26-ը սգո օր է հայտարարել: