Սոցցանցերում տարածված կեղծ լուրերից խաբված Պակիստանի պաշտպանության նախարարը սպառնացել է հակահարված հասցնել Իսրայելին, եթե այդ երկիրը միջուկային զենք կիրառի Իսլամաբադի դեմ:
AWDNews կայքը դեկտեմբերի 20-ին մտացածին լուր էր հրապարակել, որը վերնագրված էր՝ «Իսրայելի վարչապետ․ Եթե Պակիստանը որևէ պատրվակով ցամաքային զորքեր ուղարկի Սիրիա, մենք կոչնչացնենք այդ երկիրը միջուկային գրոհով»:
Պակիստանի պաշտպանության նախարար Խավայա Ասիֆը ուրբաթ օրը Թվիթերում գրել էր․ - «Իսրայելի պաշտպանության նախարարությունը սպառնում է Սիրիայում Դաեշի («Իսլամական պետություն») դեմ Պակիստանի ենթադրյալ մասնակցության դեպքում դիմել միջուկային հակագրոհի: Իսրայելը մոռանում է, որ Պակիստանը նույնպես միջուկային տերություն է»:
Խավայա Ասիֆի այս գրառումը հարկադրել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը շաբաթ օրը հանդես գալ հետևյալ պարզաբանմամբ․ - «Պակիստանի պաշտպանության նախարարի հիշատակած լուրը ամբողջովին կեղծ է»:
Իսրայելը երբևէ չի հաստատել, որ միջուկային զենք ունի, սակայն նաև չի հերքել դա: Պակիստանը իր առաջին միջուկային փորձարկումն անցկացրել է 1998 թվականին, և վերլուծաբանների գնահատմամբ՝ մոտ 120 միջուկային մարտագլխիկ ունի:
Պակիստանը և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն:
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում, մասնավորապես Ֆեյսբուքում մեծ թափ է ստացել կեղծ, հորինված լուրերի տարածումը: Թվիթերում Պակիստանի նախարարի վերոհիշյալ գրառումը նրա հասցեին բազմաթիվ կատակների տեղիք է տվել:
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության