Ֆինանսների նախարարն հաջորդ տարի 3.2 տոկոսի տնտեսական աճ է ակնկալում

Անցնող տարով ավարտվում է արտաքին աշխարհից եկող ցնցումների շրջանը, իսկ 2017-ը տնտեսության համար լինելու է կայունացման և աճի հիմքեր ստեղծելու տարի, տարեկան ամփոփիչ ասուլիսին այսօր հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Խոսելով սպասելիքներից՝ նախարարը նշեց, որ հաջորդ տարի ակնկալվում է 3.2 տոկոսի տնտեսական աճ: - «Վերականգնման ժամանակահատվածը դա 2017 թիվն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հենքեր ստեղծենք, որ արդեն 2018-19 թվականներին ավելի մեծ տնտեսական աճ թևակոխենք», - հավելեց Արամյանը:

Ֆինանսների նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանին փոխարինած Արամյանը հայտարարեց, որ 2016-ը կփակվի 0.5 տոկոս տնտեսական աճով, չնայած, որ բյուջեով նախատեսված էր 2.2 տոկոսի աճ: Նախարարի պնդմամբ՝ նախատեսվածից ցածր ցուցանիշի հիմնական պատճառը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման հաշվառումն է:

«Խաղողագործության ոլորտում մենք ունեցել ենք որոշակի, բնակլիմայական պայմաններով, բացասական զարգացումներ, բայց խաղողագործությունն ու խաղողի արտադրանքն այդքան մեծ կշիռ չունեն, որպեսզի հանգեցնեին ամբողջ գյուղատնտեսության թողարկման ծավալների 20-30 տոկոս անկման», - պարզաբանեց նախարարը՝ շարունակելով․ - «Հետևաբար, մեր թեզը այն է, որ այստեղ գնացել է հաշվառման ճշգրտում, ինչը մենք թևակոխել ենք, քանի որ ուզում ենք հաշվառումները բերենք նորմալացման և ավելի ճշգրիտ արտացոլենք: Դրա համար մենք տարվա արդյունքում ակնկալում ենք տնտեսական աճի 0.5 տոկոս մակարդակ»:

Արամյանն ասաց, որ ինքը դեմ է ամեն գնով նախատեսված աճի ցուցանիշներին հասնելուն, քանի որ առավել կարևոր է կայունության ապահովումը․ - «Ես կարծում եմ՝ 0.5 տոկոսը, որ մենք ունեցել ենք, դա վատ ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք այլ երկրների ցուցանիշները, որովհետև ԵԱՏՄ բոլոր երկրները այս տարի փակելու են բացասական աճով: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ տնտեսագիտության մեջ կայի՞ն գործիքներ, որոնք որ կապահովեին 2.4 տոկոս: Այո՛, կային: Օրինակ՝ փող տպեինք, ժողովրդին բաժանեինք: Եվ ես անպայման կունենայի 2.4 տոկոսանոց աճը: Արդյո՞ք դա խելամիտ էր: Ես կարծում եմ՝ ոչ: Որովհետև, եթե դու այդ քայլով գնաս, հետագայում դա կբերի շատ բարձր գնաճի, որի դիմացը առնելը շատ ավելի պրոբլեմային է»:

Նախարարը հայտարարեց, որ պետական պարտքն այս տարվա ընթացքում ավելացել է շուրջ 1 միլիարդ դոլարով՝ անցած տարվա 5 միլիարդից հասնելով 5 միլիարդ 905 միլիոն դոլարի: Իսկ հաջորդ տարվա նախատեսվում է, որ պետական պարտքը կավելանա շուրջ 400 միլիոն դոլարով՝ հասնելով 6 միլիարդ 338 միլիոն դոլարի: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ամիսներ առաջ մտահոգություն էր հայտնել, որ պետական պարտքի ավելացումը հասցնելու է դեֆոլտի, այսինքն իրավիճակի, երբ պետությունը չի կարողանալու մարել պետական պարտքը: Ֆինանսների նախարարն այլ կարծիքի է:

«Ես կարծում եմ՝ պետք է մտածենք ինչ ռիսկերի մասին է խոսքը: Եթե այն, որ վտանգ ունենք, որ պարտքը չսպասարկենք՝ այդպիսի վտանգ չկա», - հայտարարեց նա:

Օրեր առաջ խորհրդարանում միաձայն ընդունվեց գնումների մասին նոր օրենքը: Ֆինանսների նախարարի կողմից հեղափոխական հռչակված օրենքի համաձայն՝ նախագահի, վարչապետի ու Ազգային ժողովի ղեկավարի արարողակարգային ծախսերը համարվելու են գաղտնի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հարցին՝ արդյո՞ք սա չի ավելացնելու կոռուպցիոն ռիսկերը, և զրկելու անիմաստ ճոխ ծախսերը բացահայտելու հնարավորությունից, նախարարը պատասխանեց․ - «Ինչի՞ պետք է իմանան բոլորը, որ վարչապետը կամ Ազգային ժողովի նախագահը ո՞ր ռեստորանում պետք է իր հյուրերին ճաշ տա: Այդտեղ կա՞ն անվտանգության ռիսկեր: Ես ձեզ վստահեցնում եմ՝ այո՛, կան: Հիմա եթե մտնում ենք, ասում ենք՝ 1 միլիոն 360 միլիարդից ես ուզում եմ անպայման 190 միլիոնն էլ տեսնեմ ինչ է: Խնդրում եմ՝ ինձ վստահեք: Ես շահագրգռված եմ ցանկացած գնով, որպեսզի տեղափոխվի թափանցիկ դաշտ, բայց կան անվտանգության կանոններ, որը պետք է անպայման մենք պահպանենք»: