ՄԻԵԴ-ն արձագանքել է «Հաց բերողի» դիմումին

Փաստաբան Տիգրան Եգորյան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձագանքել է «Սասնա ծռերին» սնունդ տանելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանի դիմումին՝ վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից։

Սարգսյանի պաշտպանները դատարանից խնդրել են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ բուժում ապահովել, անհրաժեշտության դեպքում իրենց պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը փոխանցեց, որ Եվրոպական դատարանն իրենց դիմումին արձագանքել է այն ստանալուց ընդամենը 2 օր անց։

«Ազատության» հետ զրույցում Եգորյանն ասում է՝ պետական տարբեր մարմիններին ուղղված իրենց դիմում-բողոքները անարդյունավետ էին, մինչդեռ Ստրասբուրգի դատարանը կարճ ժամանամիջոցում արձագանքեց իրենց․ - «Ցավոք սրտի, դա, այո՛, խոսում է այդ կամքի բացակայության մասին, և որ շատ ավելի կարևոր է՝ սա խոսում է այն մասին և հստակ ցուցիչ է նրա, որ փաստորեն հայաստանյան խոշտանգումների կանխարգելման համակարգը չի գործում, չի գործում այդ համակարգի բաղադրիչ ոչ մի պետական մարմնի մակարդակով»:

«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ըստ պաշտպանների ներկայացրած փաստաթղթերի, մի շարք հիվանդություններով է տառապում։ Բացի հիմնական՝ ողնաշարի հիվանդությունից, բանտում գտնվելու հինգ ամիսների ընթացքում, պաշտպանների պնդմամբ, կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել։ Բժիշկները բուժում են նշանակել, նաև հատուկ սննդակարգ են սահմանել: Սակայն պաշտպանները կասկածներ ունեն, որ բանտային պայմաններում հնարավոր չէ ապահովել պահանջվող սնունդը։ Եվ որ ամենակարևորն է՝ նրա՝ ողնաշարի հիվանդությունը անհամատեղելի է բանտային պայմաններին։

Այսօր Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեկտեմբերի 21-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց՝ մինչև կալանավայր տեղափոխվելը ձեռք բերված հիվանդության համար։

Եգորյանը շեշտեց, որ Սարգսյանը հիվանդանոց է տեղափոխվել միայն ՄԻԵԴ-ի արձագանքից հետո, և հավելեց․ - «Դատապարտյալների հիվանդանոցում Արթուր Սարգսյանի չի ստանալու կոնկրետ իրեն նշանակված հատուկ սննդային սահմանափակումներին համապատասխան սնունդ: Միևնույն ժամանակ, խնդիրները շարունակվում են, քանի որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտորոշումից հետո մեկ շաբաթ նա բուժում չէր ստացել: Այս պահի դրությամբ մենք տեղյակ չենք՝ դատապարտյալների հիվանդանոցում նրան տրամադրո՞ւմ են բուժում, թե՞ ոչ: Սակայն այսօր կպարզենք»:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը պահանջել է Արթուր Սարգսյանի առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ արդյո՞ք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք և հատուկ սնունդ, եւ եթե այո, ապա արդյո՞ք այն ապահովվել է կալանավայրի վարչակազմի կողմից։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որ առաջիկայում Եվրոպական դատարանը հերթական որոշումը կկայացնի Հայաստանի կառավարության դեմ․ - «Չեմ կարծում, որ կառավարությունը կարող է հիմնավորել, թե ինչու է պահում այդ մարդկանց այդպիսի ծայրահեղ վիճակում և պայմաններում: Չէ՞ որ նա անհամատեղելի հիվանդություն ունի բանտային պայմանների հետ: Դա միայն բավարար է՝ այլ բան եթե ասելու չլինենք»:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ մի շարք ծանր հիվանդություններ ունեցող մարդուն Նուբարաշենի բանտում պահելն արդեն խոշտանգում է․ - «Ես ուղղակի շատ եմ զարմանում արդարադատության, այսպես ասած, բարձրագույն մարմինների վրա, որ մենք նոր ունեցանք երկու վճիռներ Եվրոպական դատարանից, և դրանք խայտառակ որոշումներ էին․․․ Փաստորեն մարդիկ չեն խրատվում, և իրենց ներքին կրքերը բավարարելու համար՝ վրեժխնդրություն, հաշվեհարդար, մարդկանց պահում են այդպիսի անտանելի պայմաններում և վիճակում»:

Արդարդատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ կառավարությունն այժմ պատասխան է պատրաստում սահմանված ժամկետում եվրոպական դատարանին տրամադրելու համար: