«Մեր համագործակցությունը ոչ միայն շարունակվում է, մեր համագործակցությունը խորանում է, և դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մեր կուսակցության և Սեյրան Օհանյանի գնահատականները երկրում ստեղծված ծանր իրավիճակի և այդ ծանր իրավիճակից դուրս գալու վերաբերյալ համընկնում են, և մենք այն կարծիքին ենք, որ միայն միասնաբար, համախմբված ձևով կարելի է մեր երկրում խաղաղ ճանապարհով, խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնել իշխանափոխության: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, որի կողմնակիցն է նաև Պաշտպանության [նախկին] նախարար Սեյրան Օհանյանը», - ասաց Դալլաքյանը:
Խորհրդարանում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ ու նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը Սեյրան Օհանյանի անցյալում չի տեսնում մի այնպիսի դրվագ, որ խոչընդոտեր իրենց համագործակցությանը՝ այդ թվում Մարտի 1-ը, ապրիլյան պատերազմը․ - «Սեյրան Օհանյանը որևէ մեղք չունի Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար: Հայաստանում ստեղծված այս իրավիճակի համար պատասխանատվություն է կրում մեկ անձ: Այդ անձը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է: Սեյրան Օհանյանը մեր երկրին մատուցել է մեծ ծառայություններ»:
Վիկտոր Դալլաքյանը այլ անուններ չտվեց, չանդրադարձավ հարցին, թե արդյոք ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ հնարավոր դաշինքում լինելու են նաև Վարդան Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները․ - «Ես հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: Բայց քանի որ այդ հանդիպումները շարունակական բնույթ են կրում և դրանք քաղաքական կոնսուլտացիաներ են, ապա ես ներկայումս ոչ նպատակահարմար կհամարեի որոշակի անուններ հրապարակելը: Ընդամենը կարող եմ ասել, որ կա համախմբման և կոնսոլիդացիայի մեծ հնարավորություն: Եվ կարծում եմ, որ առաջիկայում դուք դրան ականատես կլինեք»:
Ռոբերտ Քոչարյանին Դալլաքյանը չի հանդիպել, Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր համագործակցությանը կանդրադառնա, երբ նա պաշտոնապես հայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին:
Դալլաքյանի բացատրությամբ՝ Սեյրան Օհանյանին ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների իրենք չէին հրավիրել համագումարին, քանի որ օրակարգում միայն ներկուսակցական հարցեր էին:
«Բացառությամբ 1991-ի նախագահական և 1996 թվականի խորհրդարանական ընտրությունների՝ մնացած բոլոր ընտրություններն ու հանրաքվեները կեղծվել են», - հայտարարեց նախկին պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ նույնը իշխանությունները փորձելու են անել նաև այս անգամ․ - «2017 թվականի խորհրդարանական ընտրություններում պետք է քաղաքական դաշտը դարձնել սևի և սպիտակի դաշտ»:
Համագումարի իր ելույթում Դալլաքյանը քննադատեց իշխանություններին, խոսեց արտագաղթի, կոռուպցիայի, քաղբանտարկյալների մասին: Իր ձևակերպմամբ՝ Հայաստանի փաստացի կազմաքանդման հետ գործ ունենք, ուստի միասնական Ազգային ճակատով պետք է կանխել Հանրապետականի վերարտադրությունը (մի կուսակցություն, որին մինչև վերջերս անդամակցում էր նաև ինքը)․ - «Գործող իշխանության հանդեպ հանրային վստահության լիակատար բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն հետընտրական ցնցումների, այլև հեղափոխական լուրջ կատակլիզմների: Իրավիճակը շտկելու համար մեզ հատկացված ժամանակը մոտեցել է իր ավարտին»:
Հարցին, թե ինչու, իր բնորոշմամբ, կեղծված ընտրություններից հետո աշխատելու գնաց Բաղրամյան 26, պաշտոնավարման տարիներին թթու խոսք իշխանությունների հասցեին ինչո՞ւ չէր ասում, Վիկտոր Դալլաքյանը արձագանքեց․ - «Թե ես ինչու եմ ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը․ կա քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակը, սա մեկ: Եվ երկրորդը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը Ազգային ժողովում ունի ընդամենը մեկ ֆունկցիա: Նա տեղյակ է պահում աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին Ազգային ժողովում քանի պատգամավոր կա և այդ պատգամավորների ելույթների հերթականությունը: Ընդամենը դա: Այսինքն, ես ունեցել եմ ընդամենը սիմվոլիկ ֆունկցիաներ»: