Խորհրդարանական ուժերը հակադիր գնահատականներ են տալիս վարչապետի պաշտոնավարման առաջին 100 օրերին

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունում միանշանակորեն դրական են գնահատում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը:

«Զգացինք ստվերի կրճատման ուղղությամբ հստակ քայլեր, զգացինք մաքսային գործընթացներում հստակ քայլեր, զգացինք հարկային մեղմ քաղաքականությանը ուղղված հստակ քայլեր, զգացինք հստակ քայլեր անարդյունավետ ծախսերի կրճատման ուղղությամբ: Սրանք այն ամենն էին, որ երևի թե հնարավոր էր իրականացնել այս հարյուր օրվա ընթացքում: Եվ այն ծրագրային առաջարկությունները, որ իրականացվում են մարզային հանդիպումների ընթացքում, տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում, կարծում եմ, որ սրանք նույնպես հստակ քայլեր են և իրենց հստակ արդյունքները մեզ ցույց կտան 2017 թվականի ընթացքում և 2018 թվականի ընթացքում», - ասաց Մելիքյանը:

Հարցին, թե որքանով է Կարապետյանին հաջողվել կրճատել ստվերը, նա պատասխանեց․ - «Ոչ միայն այս պահի դրությամբ չի կարող որևէ մեկը ասել, թե ինչքան է կրճատվել, այլ որևէ մեկը չի էլ կարող ասել, թե ստվերը որքան էր, որպեսզի ասի որքան է կրճատվել: Այն թվերը, որ հրապարակվում են, դրանք մոտավոր եզրակացություններ են, և ըստ հրապարակողների անձերի, ըստ հրապարակողների հովանովորների թվեր են հրապարակում՝ 30 տոկոս, 40 տոկոս, 20 տոկոս, 10 տոկոս․․․ ով որքան ցանկանում է, այնքան էլ հրապարակում է: Դա այն բնագավառն է, որ որևէ մեկը հստակ թիվ չի կարող հրապարակել․ Կառավարությունը, կարծում եմ, պետք է տեղյակ լինի գոնե նվազագույն չափերի մասին: Եթե տեղյակ լինի ամբողջությամբ, ես համոզված եմ, որ քայլեր կկատարվի ամբողջությամբ ստվերը կրճատելու ուղղությամբ»։

Ի հակադրություն իշխանությանը՝ ընդդիմության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը (ՀԱԿ) վարչապետի առաջին հարյուր օրը ձախողման շրջան է համարում․ - «Անկման, ռեյտինգի արագ անկման փուլ էր: Հույսերի ձախողման, հույսերի մարման հարյուր օր էր: Եվ այդ ամենը շատ ավելի արագ տևեց, քան Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի ժամանակ էր: Որովհետև եթե նրանք մի քիչ սուսիկ-փուսիկ, հանգիստ մտան, Կարեն Կարապետյանը մտավ շատ աղմկոտ և շատ արագ էլ սպառվեց: Էդպես մի հատ բոց էր, լուցկու կրակ, վառվեց ու մարվեց: Եվ ամբողջ հասարակությունն այսօր այլևս ոչ մի հույս չի կապում, և դրան նպաստեցին ռեալ քայլեր: Մեկ, որ բյուջե բերվեց պառլամենտ, որ ոչ մի աճ չկար․ աշխատավարձեր, նպաստներ, թոշակներ՝ այս ամենը մնաց նույն մակարդակին: Առաջին տարին է, ընդ որում․ երբեք չի եղել, որ գոնե թղթի վրա աշխատավարձ կամ թոշակ չավելանար: Այս տարին առաջին տարին է, որ մեր բյուջեն զրո աճ է արձանագրում: Եվ մյուս խայտառակությունը, ամենևին այս բառը չափազանցված չեմ ասում, Կառավարությունը մեզ ասեց, որ ընդամենը հարկային եկամուտները ավելանալու են 0.3 տոկոսով: Սա ծաղր է: Մյուսը, որ այդ հարյուր օրվա ամենամութ, ամենատհաճ կետն է, որ իրանք բիրիկով մտան Հանրապետական կուսակցություն»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե նոր վարչապետի ո՛չ հաջողության, ո՛չ ձախողման մասին չի կարելի խոսել, քանի որ տեղի ունեցողն ընդամենը նախընտրական քարոզարշավ է հիշեցնում․ - «Նախընտրական շոուի շրջան է, ո՛չ ավելին: Հումորային ձևով եթե ասեմ՝ բանանի գինը ինչպես մեր խանութում եղել է, նույնը մնացել է, որևէ տարբերություն չկա: Քանի դեռ կառավարման համակարգը չի փոխվել, նրա առանձին վերցրած ինչ-որ բաղադրիչ չի կարող արմատական փոփոխություն իրականացնել: Կարող է ստատուս քվոն պահել, սքողել, բայց խոշոր հաշվով արմատական բարեփոխում հնարավոր չէ, որ տեղի ունենա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ գազի գինը իբրև թե նվազեց, հիմա էլեկտրաէներգիայի գինն են փորձում մեկ դրամով թե ինչքան նվազեցնել, բենզինի գին և այլն, դրանք ընդամենը նախընտրական զեղչեր են, ո՛չ ավելին: Որովհետև միևնույն է իրենց գնից շատ-շատ թանկ են մեր վրա վաճառում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցունից Լյովա Խաչատրյանը նշեց, որ գնահատականների համար դեռ վաղ է, դեռ միայն խոսքեր են լսել․ - «Կլինեն գործեր, նոր կգնահատեմ: Առայժմ գործեր չեմ տեսնում»: