Էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն

2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշմամբ բնակիչների համար ցերեկային սակագինը կսահմանվի 44 դրամ 98 լումա՝ գործող 46 դրամ 20 լումայի փոխարեն։ Իսկ գիշերայինը կդառնա 34 դրամ 98 լումա՝ 36.20-ի փոխարեն։

Նոր Կառավարության առաջարկով հատուկ սակագներ կսահմանվեն նաև սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Ըստ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանի՝ նրանց համար գործող սակագինը կնվազի 6 դրամ 20 լումայով․ - «Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար․ ցերեկային սակագինը՝ 40 դրամ/կՎտժ, գիշերային սակագինը 30 դրամ/կՎտժ»:

Հիշեցնենք՝ այս տարի հանձնաժողովն արդեն մեկ անգամ վերանայել էր էլեկտրաէներգիայի սակագինը՝ այն նվազեցնելով 2 դրամ 58 լումայով:

Գարեգին Բաղրամյանը պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները կրկին վերահաշվարկելու գլխավոր պատճառը տարեսկզբից գազի գնի նվազումն է։ Բայց նույնիսկ այս պարագայում բնակիչները մոտ 3 դրամով ավելի թանկ են վճարելու, քան 2015-ին, երբ հոսանքի գինը բարձրացավ մոտ 7 դրամով։

Ի պատասխան հարցին, թե ինչու մեկ տարվա մեջ 2 նվազեցում անելով հնարավոր չեղավ վերադառնալ նախկին գնին, Բաղրամյանը պատասխանեց․ - «Ատոմակայանի արդեն կանգառի հետ կապված խնդիրը: Գիտեք, պետք է իրա կյանքի տևողությունը 10 տարով ավելացվի: Դա շատ մեծ գործոն է․ մենք ունենում ենք էժան էլեկտրաէներգիայի կրճատում տարեկան կտրվածքով, որը փոխարինվում ա ավելի բարձր [գնով] ջերմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայով: Եվ այդ գործողը մինչև չվերանա, ձեր ասած՝ հետ գալը այն թվերին հնարավոր չի»:

Ատոմակայանի աշխատանքը դադարեցվում է, գումարած դրան՝ կառուցվում են Հայաստան - Իրան և Հայաստան - Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որոնց համար ներգրավված վարկային միջոցների մարումը նույնպես դրված է քաղաքացու ուսերին․ - «2018-19 թվականներին այդ առումով ունենալու են բավականին ծանր տարիներ, որովհետև այդ վարկի մարումներն սկսվում: Բնականաբար, ինքը լինելու է որպես բացասական գործոն, այսինքն՝ ազդելու է սակագների վրա»:

Բաղրամյանը հավելեց, որ այդ գործոնով պայմանավորված սակագինը բարձրանալու է: Նա դեռ նիստի ժամանակ նշել էր, որ այս սակագները սահմանվում են մեկ տարով։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով՝ 1 դրամ 22 լուման այն առավելագույն էր, որը այս պահին կարող էր իրեն թույլ տալ ընկերությունը․ - «Մեր սակագնային մարժայում այն ամենը, ինչ նախատեսված էր, որ պիտի ուղղվի նախկին պարտքերի մարմանը, դա կատարվել է, և մեր մարժայից դա հանվել է: Նախկինում մեր սակագնային մարժան 73 միլիարդ դրամ էր կազմում, կազմում է 48 միլիարդ դրամ հիմա»:

Էլեկտրաէներգիային սակագնի նման չնչին նվազեցումը, ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, սովորական սպառողի համար ամսական կտրվածքով ընդամենը 500 դրամի տարբերություն է տալու, այնինչ ցանկության դեպքում այն կարելի է նվազեցնել 20 տոկոսով։ Նրա խոսքով՝ սակագնի ձևավորման այն մեթոդաբանությունը, որը մշակել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ամբողջությամբ պետք է փոխվի՝ սպառողին ազատելով ներդրումների ու վարկային ծրագրերի դիմաց վճարելուց․ - «Մեզ՝ սպառողներիս, ինչո՞ւ են այդպիսի բացատրություններ տալիս: Մենք երբ որևէ խանութում ապրանք ենք առնում, մենք հարցնո՞ւմ ենք, թե դուք ի՞նչ ներդրում եք կատարել, ի՞նչ տրանսպորտային ծախս եք կատարել: Չենք հարցնում: Գին են դնում, շուկայական գին է ձևավորվում: Հիմա կասեն՝ բայց սա բնական մենաշնորհ է, մենք վերահսկում ենք․․․ Է լավ, վերահսկեք, ընենց վերահսկեք, որ մենք չիմանանք էդ խնդիրների մասին: Բա մեր շահը ո՞նց եք պաշտպանում»:

Խաչատրյանը վստահ է, որ սա նախընտրական քայլ է, քանի որ եթե իրականում սակագները նվազեցնելու ծրագրեր լինեին, ապա դա կարվեր դեռ անցած տարի։ Տնտեսագետն ասաց, որ պարզ հաշվարկ կա, որը ցույց է տալիս, թե որքանով է մեր քաղաքացին էլեկտրաէներգիայի տեսանկյունից գնողունակ․ - «Ինչքան ենք մենք կարողանում էլեկտրաէներգիա գնել մեր ստացած աշխատավարձով: Եվ ոչ թե անվանական աշխատավարձով, այլ ռեալ աշխատավարձով: Ռեալ աշխատավարձ՝ ես ի նկատի ունեմ ինֆլյացիա, մինուս նաև հարկեր: Երբ որ այդ հաշվարկները կատարում ենք, մենք հայտնվում ենք, եվրոպական երկրներ, [նախկին] Խորհրդային միություն, միջինասիական երկրներ, մենք վերջին երկրորդ տեղում ենք»:

Խաչատրյանը համոզմամբ՝ սա մեր էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների մտածելու տեղիք պետք է տա, որը, սակայն, այդպես էլ տեղի չի ունենում։