Արդարադատության նախարարը 2016-ի ձեռքբերումներից է համարում ապօրինի հարստացման քրեականացումը

«Ես ունեմ այն համոզմունքը, որ ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը՝ իր բաղադրիչներով, հսկայական նշանակություն է ունենալու կանխարգելիչ առումով, զսպման առումով վարքագծի», - այսօր հրավիրած հաշվետու ասուլիսին հայտարարեց նախարարը:

Անցած շաբաթ Քրեական օրենսգքրում արված փոփոխության համաձայն, բարձրաստիճան բոլոր այն պաշտոնյաները, ում եկամուտները էականորեն կտարբերվեն հայտարարագրվող գումարից կամ գույքից, կարող են դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման:

Արփինե Հովհաննիսյանը հարկ համարեց պարզաբանել․ - «Իսկ եթե հանկարծ կասես, որ, օրինակ, մոռացել էի ինչ-որ բան հայտարարագրեի, դրա համար կա նախատեսված այժմ արդեն քրեական պատասխանատվություն»:

Խորհրդարանը առանց որևէ դեմ ձայնի ամբողջությամբ ընդունեց փոփոխությունների այս նախագիծը։ Արդարադատության նախարարն այսօր նաև վստահեցրեց, թե օրենքը իշխանության ձեռքում քաղաքական հետապնդումների գործիք չի կարող ծառայել․ - «Մենք դրել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որ այս նախագիծը երբևէ վերածվի մահակի: Իրավապահ մարմինները, որպես պատշաճ ապացույցներ, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ ապացույցների համակցություն կունենան, դրանից հետո գործ կհարուցեն»:

Ապօրինի հարստացած պաշտոնյաների գործերով կզբաղվի Հատուկ քննչական ծառայությունը։ Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ով պետք է վերահսկի իրավապահներին, քանի որ հասարակության մոտ նրանց նկատմամբ անվստահությունը մեծ է։

«Ըստ իր տրամաբանության և ըստ իր բաշխվածության, այս հանցագործությունը, այո՛, պետք է քններ Հատուկ քննչական ծառայությունը: Դրա համար էլ մենք օրենքով մի շարք երաշխիքներ ենք նախատեսել, իրավապահ մարմինների վրա ենք պարտականություն դրել և այլն, որպեսզի ինքը մահակի, չարաշահման և այլ գործիք, որպես այդպիսին, չդառնա»:

Արդարադատության նախարարությունը մտադիր է նաև ընդլայնել պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց շրջանակը։ Նախագիծը, սակայն, չի խանգարի ապօրինի հարստացած պաշտոնյաներին գույքը, դրամական միջոցները մտերիմների կամ հեռու ազգականների անունով գրանցել։

Արփինե Հովհաննիսյանի ի սկզբանե հայտարարում է՝ փոխկապակցված անձանց շրջանակը անվերջ ընդլայնել հնարավոր չէ․ - «Դա նույնիսկ մարդու իրավունքների խախտում կարող է առաջացնել: Պատկերացրեք, Ձեր որևէ հեռավոր բարեկամ պաշտոն է զբաղեցնում: Հիմա Դուք ինքներդ համարում եք, որ նրա հետ փոխկապակցվածության ուժով պիտի ինքներն հայտարարագիր ներկայացնեք․ արդյո՞ք դա ճիշտ է: Արդյո՞ք մենք ունենք բոլոր մեխանիզմները, որոնք բավարար են փակելու շղթան: Արդյո՞ք մենք կփակենք էնպես, որ էդ պաշտոնատար անձը, որը նպատակ է դրել իր գումարները թաքցնել, ինչ-որ չորրորդ-հինգերորդ օղակի միջոցով չի թաքցնի»:

Խոսելով իր ղեկավարած գերատեսչության կողմից 2016 թվականին կատարված մյուս աշխատանքների մասին՝ Արփինե Հովհաննիսյանը առանձնացրեց պրոբացիոն համակարգի ու տեղեկատվություն ստանալու միասնական գործընթացի ներդրումը, ԴԱՀԿ համակարգում կատարված փոփոխությունները, որի համաձայն քաղաքացին չի զրկվի իր կացարանից, եթե դա նրա միակ սեփականությունն է: