Տեղեկությունը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողություններն ուղղորդվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը, այսօր հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Սողոմոնյանի հաղորդագրությունում, որը տեղադրված է 2rd.am կայքում, մասնավորապես ասված է. - «Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն և պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին։