Իրանագետ. Տնտեսական առումով նպատակահարմար չէ ավելի քան 3 միլիարդ դոլար ներդնել հայ-իրանական երկաթգծի կառուցման համար

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Իրանը երբևիցե չեն ստանձնել Հայաստանը Իրանին կապող երկաթգծի կառուցման ֆինանսական ծախսերն ամբողջությամբ իրենց վրա վերցնելու պարտավորությունը։

«Հաշվարկներ արվեցին և՛ Հայաստանի մասնագետների կողմից, և՛ արտասահմանյան մասնագետների կողմից, որ երկաթգծի կառուցումը իրականացնելու համար անհրաժեշտ է 3 միլիարդ 500 միլիոն դոլար, որովհետև այնտեղ կան բավական մեծ թունելներ կառուցելու՝ Քաջարանի թունելը, որը բավական դժվար խնդիր է, կամուրջների շինարարություն... այսինքն սա լուրջ ֆինանս է՝ 3 միլիարդ 500 միլիոն, որը Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, չունի», - ասաց իրանագետը՝ շարունակելով. - «Իրանը երբեք չի ստանձնել, որ ինքը երկաթգիծ կկառուցի Հայաստանի տարածքում, հակառակը՝ նա միշտ հայտարարել է՝ «սկսեք ձեր տարածքում կառուցումը, մենք սկսում ենք մեր տարածքում»։

Իրանի տարածքում, ըստ Իսկանդարյանի, միայն 60 կիլոմետր երկաթգիծ պետք է կառուցվի, կառուցման առյուծի բաժինն, իրանագետի խոսքով, Հայաստանինն է։

«Սերժ Սարգսյանը ընդամենն այս առումով իր խոստումը պահել է՝ հայտարարել է, որ այսպիսի ծրագիր կա, կարևորություն ունի, «խնդրում ենք ներդրումներ անել»։ Փորձեցին Ռուսաստանին ներքաշել այս գործընթացի մեջ, փորձեցին Չինաստանին ներգրավվել այս գործընթացի մեջ, Միջազգային բանկին ներգրավվել, բայց իրականում բոլորն էլ՝ մասնագետներն էլ, հաշվարկ են անում և տեսնում են, որ տնտեսական առումով այդ 3 միլիարդ 500 միլիոնը, երբ որ դնում են այս երկաթգծի կառուցման մեջ, ինքը հետ չի բերելու, այսինքն տնտեսական առումով դա նպատակահարմար չէ, սա մեզ է պետք քաղաքական առումով։ Իսկ Քաղաքական առումի համար ո՛չ Ռուսաստանն է պարտավորվում քո շահերը պահել, ո՛չ առավել ևս Չինաստանը կամ Միջազգային բանկը։ Այստեղ դու քաղաքական նպատակներ ես հետապնդում, բարի եղիր ունեցիր այդ գումարը և քո խնդիրները լուծիր», - ասաց իրանագետը։

Իսկանդարյանի համոզմամբ, 3 միլիարդ 500 միլիոնն ահռելի գումար է, որը ներդնելով Հայաստանը չի կարողանալու հետագայում այն հետ բերել։

«Սա միայն լինելու է քաղաքական նպատակ, իսկ այս պահին Հայաստանը մտածում է՝ արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ այդ գումարի մի մասը դնել ճանապարհները լավացնելու համար, որպեսզի մենք Իրանի համար դառնանք այլընտրանքը ճանապարհային, և մենք տեսանք, որ նոյեմբերին տեղի ունեցավ առաջին փորձնական բեռների տեղափոխումը Հայաստանի տարածքով Գերմանիայից, և իրանական ի դեպ, ոչ հայկական մասնագետների կարծիքով, 1-ից 3 տոկոսով ավելի էժան ստացվեց, քան Թուրքիայի տարածքով, որ գալիս է։ Այսինքն՝ և՛ ժամանակային առումով, և՛ գումարային առումով շատ ավելի արագ ստացվեց և էժան ստացվեց, քան Թուրքիայի տարածքով, որն անցնում էր։ Եթե առևտրաշրջանառության առումով սա մեծանա և ապագայում այնպիսի չափեր լինի, որ տեսնեն, որ, այո, ձեռնտու է Հայաստանի տարածքով, ավելի լավ է էս մի քանի երկրներով անցնեն, կլինի ավելի էժան և ավելի անվտանգ, ես կարծում եմ, որ տարիներ անց կանդրադառնան երկաթգծին։ Այստեղ ժամանակի ընթացքում, եթե ցույց տա, որ տոկոսային առումով բեռների քանակը մեծանում է, ես առավել քան վստահ եմ, որ Իրանը կանդրադառնա այս խնդրին և արդեն Իրանը շահագրգիռ կլինի Հայաստանին աջակցել և իր գումարները ներդնել՝ երկաթգիծ կառուցելու համար։ Այս պահին դա դեռ փորձնական քայլ էր, առաջին անգամ իրականացվեց և, փաստորեն, հաջող էր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տե՛ս այստեղ