Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

«Շատ ուրախ ենք հանդիպել Ձեզ և հյուրընկալվել մեր լավ բարեկամ հայ ժողովրդին», - ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, նշել է Ռոհանին՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ:

Իրանի նախագահը միաժամանակ հույս է հայտնել, որ ապագայում ականատես կլինեն այդ ծրագրերի կյանքի կոչմանը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար:

ՀՀ վարչապետն իր հերթին ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց իրականացումն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական տնտեսական կապերը և նոր լիցք կհաղորդի հետագա համագործակցությանը: Մասնավորապես, առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սերտիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու առևտրաշրջանառության աճին:

Հատկանշելով Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝ վարչապետը առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է նաև իրանական ընկերությունների գործունեության ընդլայնումը Հայաստանում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման և փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին:

Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն: