Վահան Արծրունին տարակուսած է Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանից

Վահան Արծրունին «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է անցյալ շաբաթ հեռախոսազանգով Ազգային անվտանգության ծառայություն հրավիրված երաժիշտ Վահան Արծրունուն՝ նշելով, որ տեղի ունեցածը հնարավոր չէ որակել քաղաքական ճնշում, խոսքի ազատության սահմանփակում կամ քողարկված սպառնալիք, քանի որ Արծրունին կամովին է ներկայացել ԱԱԾ։

Հիմնականում իր քաղաքական հայացքների և «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ ունեցած առնչության վերաբերյալ ԱԱԾ աշխատակցի հարցերին պատասխանելուց հետո Արծրունին դիմել էր օմբուդսմենին՝ մտահոգված հատկապես այն հանգամանքով, որ աշխատակիցը չէր թաքցրել, որ տեղյակ է, թե երաժիշտը որտեղ է ապրում, ինչ ընտանիք ունի։

«Օմբուդսմենին ընդամենը երկու հարց էի առաջարկել՝ պատասխան ակնկալելով: Արդյո՞ք որևէ կետում օրենսդրությունը մեր երկրի և օրենքը շրջանցվել է, և արդյո՞ք այդ շրջանցումը, եթե տեղի է ունեցել, կարող եմ ես դիտարկել որպես քաղաքական ճնշման դրսևորում, քաղաքական հետապնդում կամ քողարկված սպառնալիք», - նշեց երաժիշտը:

Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանը նա խուսափողական է որակում՝ համոզիչ չհամարելով պնդումը, թե՝ եթե կամովին գնացել ԱԱԾ, ուրեմն խնդիր չկա․ - «Այսինքն ես կամովին կարող եմ որևէ մի տեղ մտնել, որտեղ կենթարկվեմ բռնության, և ի՞նչ է սա նշանակում․ որ բռնությունը չպետք է արձանագրվի, որովհետև ես կամովի՞ն են այդտեղ մտել»:

Օմբուդսմենի պատասխանը ոչ թե ցրել, այլ խորացրել է Արծրունու կասկածները, թե ԱԱԾ-ն իրեն փորձել է վախեցնել․ - «Եթե ես մինչ այդ ունեի մտավախություն և հարցականներ, հիմա ես ունեմ խորը համոզում, որ ենթարկվել եմ քաղաքական ճնշման, ենթարկվել եմ քաղաքական հետապնդման: Դիմում եք իրավապաշտպան կառույցին, ստանում եք պատասխան, որ օրենքը չի խախտվել: Երրորդ քայլը չի նախատեսվում օրենքով, որովհետև դուք չեք կարող դիմել դատարան, որովհետև փաստացի ոչ մի ապացույց չունեք նման հանդիպման»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով, օմբուդսմենը չէր կարող Արծրունուն հստակ պատասխանել, թե քաղաքական ճնշման տարրեր տեղի ունեցածում չկան, քանի դեռ հարցում չէր արել ԱԱԾ: Իսկ ՄԻՊ գրասենյակից ստացված պատասխանից փաստաբանը եզրակացնում է, որ օմբուդսմենը չի էլ դիմել ԱԱԾ․ - «Ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի փորձել անգամ ԱԱԾ-ից պարզել՝ արդյո՞ք իրենք գործել են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում՝ հրավիրելով անձին և այդ հարցադրումները իրեն անելով, թե՞ ոչ: Այստեղից էլ բխում է, որ պատասխանը թերի է և չհիմնավորված, որովհետև պատասխանալեվ, որ քո իրավունքը չի խախտվել, դու պիտի իմանաս հիմքը, ինչ հիմքով է գործել պետական մարմինը: Առանց դա իմանալու, դու պատասխանել չես կարող: Ինչո՞ւ հատկապես Ազգային անվտանգության ծառայություն հարցում անելուց խուսափել է Մարդու իրավունքների պաշտպանը, դա մնում է հարց»:

Ե՛վ փաստաբան Երվանդ Վարոսյանի, և իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տեղեկություններով, սա առաջին դեմքը չէ, երբ ԱԱԾ-ն առանց օրինական հիմքեր ներկայացնելու, հրավիրում է քաղաքացուն «ընկերական զրույցի»։ Վերջերս նման հրավեր էր ստացել և մերժել նաև ընդդիմադիր ակտիվիստ, քանդակագործ Հարություն Կարապետյանը։

Վարդան Հարությունյանի խոսքով, ընդդիմադիրներին ուշադրության կենտրոնում պահելով, ԱԱԾ-ն անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ Կա-Գե-Բե-ից վերածվել ԱԱԾ-ի․ - «Էդ որ իրենց պատկերացնում են սովետական կագեբե, հենց դա է: Որ իրենց թվում է, թե իրենք կարող են խառնվել քաղաքական գործընթացներին: Քաղաքացու քաղաքական հայացքները, կամ նրա քաղաքական մոտիվացիաները, կամ միջավայրերը, որտեղ նա լինում է, նրանց չպետք է հետաքրքրի: Հենց այն, որ նրանք զբաղվում են քաղաքական հետապնդումով, նշանակում է, որ նրանք Ազգային անվտանգության ծառայությունից վերածվում են կագեբե-ի, չեկա-ի»: