Ցյուրիխում անհայտ անձը երեկ երեկոյան կրակ է բացել մահմեդական կենտրոնի շենքում աղոթողների վրա: Երեք մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակվողը դեպքի վայրից փախել էր:
Մահմեդական կենտրոնը օգտագործվել է որպես մզկիթ: Սոմալիի համայնքի հավատացյալներն այստեղ աղոթել, նամազ են արել: ATS գործակալության փոխանցմամբ՝ հարձակման պահին ներսում մոտավորապես 10 մարդ է եղել, հիմնականում՝ ներգաղթյալներ Հյուսիսային Աֆրիկայից, Սոմալիից, Էրիթրեայից:
Մահմեդական կենտրոնի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ գետափին մոտ, հայտնաբերվել է հարձակվողի դին: Նրա ինքնությունը պարզվել է, բայց ոստիկանությունը նրա անունը չի բացահայտում:
Ցյուրիխի շրջանային ոստիկանապետը մամուլի ասուլիսում ասել է, որ հարձակվողը 24-ամյա շվեյցարացի է: Կասկածներ կան, որ կիրակի օրը նա Ցյուրիխում մեկ մարդ է սպանել, այնուհետև՝ երկուշաբթի երեկոյան, մզկիթում աղոթողների վրա է կրակել, որից քիչ անց, ինչպես ենթադրվում է՝ ինքնասպան է եղել:
Շվեյցարիայի իրավապահները նշում են, որ որևէ կապ չկա Բեռլինում իրականացված ահաբեկչական գործողության և Ցյուրիխի մզկիթում արձակված կրակոցների միջև:
Մահմեդական կենտրոնի անդամներից՝ Սոմալիից Աբուքար Աբշիրովը ասել է, թե կենտրոնում 2012 թվականից մզկիթ է գործում: - «Ոստիկանության հետ երբեք գործ չենք ունեցել, սա շատ հանգիստ վայր է: Ես ցնցված եմ, չգիտեմ ով է արել, արդյո՞ք մահմեդականության հետևորդ էր, թե ռասիստ», - նշել է Աբշիրովը:
Ավելի քան ութ միլիոն բնակչություն ունեցող Շվեյցարիայում 450 հազար մահմեդական է բնակվում:
2009 թվականի համաժողովրդական քվեարկությամբ Շվեյցարիայի քաղաքացիները արգելել են երկրում մինարեթների ու նոր մզկիթների կառուցումը: