«Կոմերսանտ». Անկարան փորձում է ազգայնացնել Akfel Holding-ը

Տեսարան Անկարայից

Պաշտոնական Անկարան փորձում է ազգայնացնել «Գազպրոմ»-ի ամենաարժեքավոր թուրքական ակտիվը` ռուսական գազի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Akfel Holding-ը: Այս մասին գրում է մոսկովյան «Կոմերսանտ»-ը`վկայակոչելով «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրները:

«Թուրքիա գազ ներկրող խոշորագույն մասնավոր ընկերության` Akfel Holding-ի փաստացի ազգայնացման գործընթացը թուրքական կառավարությունը սկսել է դեկտեմբերի սկզբին` փոփոխության ենթարկելով տնօրենների խորհրդի ողջ կազմը: Պատճառն այս ընկերության ղեկավարների ենթադրյալ կապերն են Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետ, ում մեղադրում են հուլիսյան անհաջող հեղաշրջումը կազմակերպելու մեջ», -գրում է մոսկովյան պարբերականը` հավելելով, որ Akfel Holding-ի փայատերերն են «Գազպրոմ» ընկերությունը և «Գազպրոմբանկ»-ը:

Akfel Holding-ը ընդհանուր առմամբ վերահսկում է «Գազպրոմ»-ի կողմից Թուրքիայի մասնավոր սպառողներին մատակարարվող գազի 55 տոկոսը: «Կոմերսանտ»-ի հաշվարկներով՝ այս ընկերության`ռուսական գազի ներկրումից ստացած տարեկան շահույթը հասնում է կես միլիարդ դոլարի:

«Ռուսական էներգետիկ ընկերությանը ղեկավարությունը բավական ցավագին է ընկալել Թուրքիայում ծավալված իրադարձությունները», -գրում է մոսկովյան պարբերականը` նշելով, որ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Akfel Holding-ի շուրջ ստեղծված կացությունը դեկտեմբերի վեցին քննարկել է Մոսկվա ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:

«Թուրքիայի վարչապետը, սակայն, այդպես էլ, որ էական բացատրություն ռուսական կողմին չի ներկայացրել: Մեր ձեռքից խլել են թուրքական շուկայում ռուսական գազի վաճառքով զբաղվող ամենաարդյունավետ և շահութաբեր ընկերությունը: Կարծես թե անվերադարձ», - «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է «Գազպրոմ»-ի աշխատակիցներից մեկը:

Մոսկվայում, ի դեպ, չեն բացառում, որ «Գազպրոմ»-ի գործընկերների դեմ ճնշումներն արտոնված են թուրքական իշխանության վերին օղակների կողմից:

«Մեր զրուցակիցներից մի քանիսը պնդում էին, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալայրաք, ով նաև նախագահ Էրդողանի փեսան է, մանրամասնորեն տեղեկացված էր Akfel Holding-ի շուրջ ծավալվող բոլոր զարգացումներին: Նման իրադրությունը, հաշվի առնելով նաև Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը, ռուսական կողմին կստիպի ոչ միայն զուտ տնտեսական այլև քաղաքական որոշումներ կայացնել», - գրում է «Կոմերսանտ» օրաթերթը: