Հիմնադրամում կուտակված մոտ 1 մլն 200 հազար դոլար մայր գումարին ամեն տարի տոկոսներ են ավելանում: Տարբեր տարիների հաշվետվությունները ուսումնասիրած Անահիտ Բախշյանը պնդում է, որ այդ տոկոսները նպատակին չեն ծառայել և մինչև օրս որևէ կերպ չեն նպաստել բանակի հզորացմանը, ինչը եղել է հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը:
«Հիմնադրամի խորհուրդը, որտեղ Հանրապետության նախագահ, Վեհափառ և Պաշտպանության նախարար, ոչ մի անգամ որոշում չեն կայացրել «Մարտիկ» հիմնադրամի մայր գումարը այսինչ նպատակի համար ծառայեցնել: Էլ ի՞նչ օրհասական պահ են սպասում Հայաստանի համար, էլ ի՞նչ դժվար պահ են սպասում, որպեսզի կայացնեն էդ որոշումը: Իմ ասելիքն այն է, որ եթե «Մարտիկ» հիմնադրամը նախատեսվում էր բանակի համար, երկրի անվտանգության ավելի բարձր աստիճան ունենալու համար, ապա ուզում եմ կոնկրետ պարոն Աղաբեկյանը ասի՝ ինչքանո՞վ է «Մարտիկ» հիմնադրամը մեր երկրի անվտանգության աստիճանը բարձրացրել: Ի՞նչ է արել, ո՞ւր է ծախսել», - ասաց Բախշյանը:
Նրա խոսքով, տարիներ առաջ ստեղծված հիմնադրամը որևէ վստահություն չի ներշնչել, որ ծառայելու է բանակի շահերին։ Իսկ այսօր արդեն իշխանությունները բանակի անվան տակ երկրորդ՝ 1000 դրամների հիմնադրամն են որոշել ստեղծել․ - ««Մարտիկ» հիմնադրամը վստահության ամբողջ պաշարը, ինչ որ կարող էր մեր ժողովուրդը ունենալ բանակի նկատմամբ․․․ այ սենց հողին հավասարեցնել: Հիմա ակամա ասում ես՝ էն մեկն ի՞նչ արեց, որ էս մեկն ինչ անի»:
Բախշյանը նաև հայտնաբերել է, որ ստեղծման օրվանից մինչև 2016 թվականը հիմնադրամի էջում նշված է եղել Հայխնայբանկի հաշվերհամար, որը վաղուց չի գործում։ Եվ միայն իր ահազանգից հետո է հիմնադրամի հաշվեհամարը փոխվել։
Հիմնադրամի նախագահ, Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մայր գումարը տեղում է, իսկ տոկոսներից կուտակված գումարները ծախսվել են միայն կանոնադրական խնդիրների իրականացման համար․ - «Հիմնադրամի մայր գումարը ենթակա չէ ծախսի, և այն կարող է ծախսվել միայն կանոնադրությամբ հիմնավորված շրջանակում, որտեղ հստակ գրված է, թե մայր գումարը ինչ նպատակով կարող է ծախսվել: Իսկ տոկոսները ծախսվում են միայն կանոնադրական խնդիրների կատարման առումով: Այդ թվում՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, այդ թվում՝ զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն են կատարում առաջնագծում, ժամանակ առ ժամանակ նրանց հետ կապված սոցիալական խնդիրներ ենք լուծում, այդ թվում՝ վիրավոր ազատամարտիկներին օգնություն ենք ցուցաբերում»:
Հիշեցնենք՝ Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ուսումնասիրել էր հիմնադրամի գործունեությունը և եզրակացրել, որ այն թափանցիկ չէ, ինչը ենթադրում է, որ կոռուպցիոն ռիսկեր կան։