Թեև Միացյալ Նահանգներիներգաղթային վիզաների խաղարկային ծրագրին՝ «գրին քարտի» խաղարկությանը մասնակցող Հայաստանի քաղաքացիների թիվը ամեն տարի աճում է, վերջին երկու տարիներին տրամադրված վիզաների թիվը նվազել է:
«Ազատության» հարցմանն ի պատասխան Երևանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ 2016 թվականին «Գրին քարտի» խաղարկության շրջանակներում Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է 1544 վիզա, այն դեպքում, երբ այդ խաղարկությանը մասնակցել է 131,088 քաղաքացի: Ընդ որում, թեև Հայաստանից ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրի հայտատուների թիվը ամեն տարի աճում է և 2010 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկվել է, տրամադրվող վիզաների թիվը տատանվում է 1000-ից 2000-ի միջակայքում: Այլ կերպ ասած՝ խաղարկային ծրագրի մասնակիցների շանսերը ամեն տարի նվազում են: Եթե 2010 թվականին խաղարկությանը մասնակցած 62,051 քաղաքացիների շուրջ 2 տոկոսին ներգաղթային վիզա է շնորհվել, 2016-ին վիզա է ստացել հայտատուների ընդամենը 1 տոկոսը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան ԱՄՆ դեսպանատնից նաև որոշ պարզաբանումներ են ներկայացրել ներգաղթային վիզաների մասին առհասարակ, և ներգաղթային վիզաների խաղարկության մասին՝ մասնավորապես: Ստորև ներկայացնում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան որոշ պարզաբանումները:
Ի՞նչ է ներգաղթային վիզան
Ներգաղթը ԱՄՆ բարդ և բազմաքայլ գործընթաց է: Առաջին քայլով պահանջվում է, որպեսզի Ամերիկայի քաղաքացի կամ Օրինական մշտական բնակիչ հանդիսացող ազգականը, իսկ աշխատանքային ներգաղթի դեպքում՝ ամերիկացի գործատուն կամ հայտատուն, դիմում ներկայացնեն ԱՄՆ-ի Քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (USCIS): Եթե դիմումը հավանության է արժանանում, այն ուղարկվում է Վիզաների ազգային կենտրոն, որը հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը, հայտը, վճարումը և այլ փաստաթղթեր: Այնուհետև փաստաթղթերի փաթեթն ուղարկվում է համապատասխան երկրի դեսպանատուն:
Արդեն դեսպանատանը ներգաղթի վիզայի հավակնորդները դիմում են հարցազրույց անցնելու համար: Ներգաղթի վիզան ստանալու դեպքում տվյալ անհատը կարող է մեկնել ԱՄՆ Օրինական մշտական բնակչի (LPR) կարգավիճակով, ինչից հետո նա կարող է դիմել USCIS՝ բնակության քարտ ստանալու համար: Այդ քարտը հաճախ կոչվում է «Գրին քարտ» և թույլ է տալիս այն կրողին ճանապարհորդել և ապրել ԱՄՆ-ում:
Ներգաղթային վիզայի ի՞նչ տիպեր կան
Անհատները կարող են դիմել մի շարք կատեգորիաների ներգաղթային վիզաներ ստանալու համար: Այդ կատեգորիաներից են ընտանեկան դրության վրա հիմնված վիզաները (ԱՄՆ քաղաքացիների կամ օրինական մշտական բնակիչների հարազատների համար), աշխատանքային, ներդրումային (ԱՄՆ-ում ներդրումներ կատարող գործարարների համար), ինչպես նաև Ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրի («Գրին քարտի» խաղարկության) շրջանակներում տրվող վիզաները, ինչպես նաև հատուկ կատեգորիաները, օրինակ՝ նախկինում օրինական մշտական բնակության կարգավիճակ ունեցող անհատները, ովքեր երկար ժամանակ ապրել եմ ԱՄՆ-ից դուրս:
Ի՞նչ է «Գրին քարտի» խաղարկությունը
Ներգաղթային վիզաների խաղարկությունը նման է ներգաղթային վիզաների հայտերի ներկայացման գործընթացին: Խաղարկության յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է հայտ: Շահողները որոշվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով և նրանք իրավունք են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Խաղարկության շրջանակում ամեն տարի հատկացվում է 50,000-ից 55,000 վիզա: Այս թիվը բաժանվում է 5 տարածաշրջանների միջև և ամեն տարածաշրջանից ընտրվում են հայտատուներ պատահականության սկզբունքով, ինչի պատճառով էլ ամեն տարի Հայաստանից ներգաղթի վիզա ստացողների թիվը տարբեր է: Որևէ երկրի չի տրամադրվում ընդհանուր վիզաների 7 տոկոսից ավելին, մինչդեռ տարածաշրջանին տրամադրվող վիզաների թիվն ամեն տարի մնում է անփոփոխ: