Մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների զոհվելու դեպքերը նվազել են

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» այսօր հրապարակված զեկույցը փաստում է, որ նախորդ տարիների համեմատ 2016-ին որոշ չափով նվազել են մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների զոհվելու դեպքերը:

Զեկույցն արձանագրում է, որ 2016-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում 48 լրագրող է զոհվել: Նախորդ տարի 72 լրագրող էր զոհվել:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը արդեն հինգ տարի շարունակ մնում է Սիրիան: 2016-ին Սիրիայում 14 լրագրող է զոհվել, նույնքան, որքան 2015-ին: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում Սիրիայում իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում 107 լրագրող է սպանվել։

Հետխորհրդային երկրներում լրագրողի սպանության միակ դեպքը արձանագրվել է Ուկրաինայում․ Պավել Շերեմետը սպանվեց անցած տարվա հուլիսին՝ Կիևում: Նրա մեքենայի տակ ռումբ էր տեղադրվել: Շերեմետը 1998 թվականին մամուլի ազատության միջազգային մրցանակ էր ստացել, իսկ 2010-ին զրկվել էր Բելառուսի քաղաքացիությունից, ինչը կապվում էր նրա լրագրողական գործունեության հետ:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենավտանգավորը ֆոտոլրագրողների և օպերատորների մասնագիտությունն է: