Վիկտոր Դալլաքյան․ Սեյրան Օհանյանը հանդես կգա քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությամբ

Վիկտոր Դալլաքյան, արխիվ:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը, առաջիկա օրերին հանդես կգա քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությամբ։

ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, ով այժմ զբաղեցնում է «Երրորդ հանրապետություն» կուսակցության փոխնախագահի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում նաև հավելեց, որ ինքը որոշակի հանդիպումներ է ունեցել Սեյրան Օհանյանի հետ, և որ առաջիկայում կուսակցությունը պատրաստ է համագործակցել նրա հետ․ - «Իմ հրաժարականից հետո ես բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Սեյրան Օհանյանի հետ: Մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը գնահատում ենք նույն ձևով: Մենք նույն ձևով ենք գնահատում նաև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Եվ ձեզ կարող եմ ասել, որ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, որով նա կհայտարարի իր մուտքը քաղաքականություն, և մենք համագործակցելու ենք Սեյրան Օհանյանի հետ»:

Հարցին, թե ինչպես է համագործակցելու Սեյրան Օհանյանի հետ, երբ վերջինս երկար ժամանակ եղել է իշխանության կազմում, իսկ ինքը քննադատում է իշխանությանը, Վիկտոր Դալաքյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը այն գործիչն է, որի գործունեությունը ես բարձր եմ գնահատում, և ցանկացած կուսակցության պատիվ կբերեր, որպեսզի Սեյրան Օհանյանը համագործակցեր այդ կուսակցության հետ: Այսօր ես ձեզ ասում եմ, որ ես տեղյակ եմ նրա ծրագրերին, մենք այդ ծրագրերը քննարկում ենք միասին և պարբերաբար, և առաջիկայում նա համապատասխան հայտարարությամբ հանդես կգա»:

Վիկտոր Դալաքյանի կուսակցությունը դեկտեմբերի 23-ին կանցկացնի իր հերթական համագումարը: Դալաքյանն այսօր չպատասխանեց հարցին, թե արդյոք համագումարին կմասնակցի նաև Սեյրան Օհանյանը՝ ասելով․ - «Ես կարող եմ որոշակի փակագծեր բացել, որ եթե մեզ հաջողվի հասնել լայն համագործակցության և այդ համագործակցության շրջանակներում ձևավորել որոշակի դաշինքային հարաբերություններ, ապա այդ հարաբերություններին կարող են մասնակցել և՛ հայտնի կուսակցություններ, և՛ հայտնի քաղաքական և ռազմական գործիչներ, որոնք կարող են նաև գլխավորել այդ դաշինքի ցուցակը»:

Հիշեցնենք, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնը թողեց այս տարվա հոկտեմբերին և առայսօր հրապարակային հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել։