Հատկապես վերջին երեք տարիներին Չալդրանյանը լուրջ համագործացություն է ունեցել այս թատրոնի հետ՝ բեմադրելով Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Նրա վերջին՝ «Վարդապետի լռությունը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում դերակատարների մի մասը Համազգայինի դերասաններից էին, իսկ գլխավոր դերում նկարահանվել էր Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Մշակույթի նախարարն այսօր թատերախմբին ներկայացրեց նորանշանակ գեղարվեստական ղեկավարին․ - «Նա այսօր խուսափում է խոստումներ տալուց և ճիշտ է անում: Բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ես շատ փոքրաթիվ ներդրումների հաշվին կորզել եմ բավականին մեծ արդյունք, որը խոստացել է պարոն Չալդրանյանը: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ մինիմալ ներդրումներով մենք կունենանք մաքսիմալ արդյունք»:
Վիգեն Չալդրանյանը խոստումների մեջ շատ զուսպ էր, ավելի ճիշտ՝ զերծ մնաց խոստումներից ու կանխատեսումներից: Նշեց, որ ժամանակակից անվանի դրամատուրգներից մեկի հետ արդեն իսկ պայմանավորվել է այս տարվա ընթացում երկու պիես ներկայացնելու համար: Ասաց նաև, որ, իր կարծիքով, այս թատրոնում այսօր հավաքված են լավագույններից շատ-շատերը և իր համար կարևորը թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի կողմից հաստատված բարոյահոգեբանական սկզբունքները պահպանելն է:
«Թատերախմբի մեծ մասի հետ հանդիպել ենք այս բեմում, մյուս մասի հետ՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմում: Հավանաբար մենք ժառանգություն պիտի վերցնենք հենց սա շարունակելը: Մեր ձեռագրերը տարբեր են, բնակաբար: Բայց մի բան հաստատ ընդհանուր կլինի, որ այս բեմից, և ես կարծում եմ, յուրաքանչյուր թատրոնի առաքելությունը հենց դա է՝ բեմից քարոզել լույսի ճանապարհ և բարոյականություն», - ասաց Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչպես է համադրելու կինոռեժիսորի և թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքը, Չալդրանյանը նախ ասաց, որ բացի Սունդուկյանի անվան թատրոնից ինքն աշխատել է մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոններում, նախ որպես դերասան, ապա որպես ռեժիսոր, և շարունակեց․ - «Մյուս տարի պատրաստվում է արդեն իմ մասին երրորդ գիրքը, որի վերնագիրն է՝ «Կինոն իմ էությունն է, թատրոնը՝ իմ տունը»: Պիտի ասեմ, որ ես հավատում եմ դրան, որովհետև ամեն անգամ ֆիլմ անելիս ես կարոտում եմ թատրոնը, իսկ թատրոն փորձում եմ բերել կինոյի կարևորագույն տարրերը: Ասել, որ ես թատրոնի քիչ փորձ ունեմ, հաստատ սխալված կլինեմ, որովհետև․․․ նշվեց իմ ստեղծագործական կյանքի քառասունամյակը, ես պիտի ասեմ, որ այդ քառասունամյակը հավասարապես բաշխվել է թատրոնի և կինոյի միջև․․․ Ցավոք սրտի, հիմա պիտի ասեմ, որ կինոն պիտի սպասի: Բնական է: Որովհետև սա կատակ բան չի։ Սա շատ լուրջ գործ է, որը սկսում եմ»:
«Ազատության» հարցին, թե արդյոք սա նոր քաղաքականություն է՝ թատրոններում աստիճանաբար վերականգնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, Արմեն Ամիրյանը պատասխանեց․ - «Այո, միտում է: Եվ փոխվում է մոտեցումը․ թատրոնները պետք է ունենան գեղարվեստական ղեկավարներ: Թատրոնը պետք է ունենա դեմք և դիմագիծ: Սա չի նշանակում, որ մենք դառնում ենք մեկ դերասանի թատրոն: Որովհետև մենք ունենք հստակ պայմանավորվածություն բոլոր գեղարվեստական ղեկավարների հետ, որ նշանակվել են և կնշանակվեն ապագայում, որ մենք ունենալու ենք նաև հրավիրյալ ռեժիսորներ: Մենք ունենալու ենք համագործակցություն տարբեր ռեժիսորների հետ: Եվ այս առումով, ես կարծում եմ, սա առողջացման ծրագրերից կարևորագույնն է․ ձեռագրերի տարբերությունը, ձեռագրերի փոփոխություն, բայց միևնույն ժամանակ՝ դեմք և դիմագիծ թատրոնի»:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց․ - «Ես կարծում, որ ամեն ինչ շատ լավ կլինի, նոր շնչառություն կգա, նոր ռիթմ կգա թատրոն»: