Թրամփն արձագանքել է իր դեմ քվեարկելու վերաբերյալ ընտրիչներին ուղղված կոչերին

Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր միկրոբլոգում արձագանքել է Հանրապետական կուսակցության ընտրիչներին ուղղված բազմաթիվ կոչերին՝ իր դեմ քվեարկելու վերաբերյալ։

Նա ասել է, որ եթե իր բազմաթիվ կողմնակիցները գործեին և հանդես գային սպառնալիքներով այնպես, ինչպես անում են ընտրություններում պարտվածները, նրանց հանդեպ վերաբերմունքը շատ վատ կլիներ։

Ընտրիչների կոլեգիան, որը կազմված է 538 հոգուց, այսօր պաշտոնապես պետք է հաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքները։ Որպեսզի Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հաղթանակը ընտրություններում հաստատվի, նրանց պետք է աջակցեն 270 ընտրիչներ։

Ամերիկայի Սահմանադրության համաձայն ընտրիչների կոլեգիայի քվեարկությունը պետք է հաստատի Կոնգրեսը։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 270 ձայն, ապա նախագահը ընտրվում է Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից։

Ընտրությունների եզրափակիչ փուլը կլինի նախագահի երդման արարողությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։