Այսօր ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի լրատվական ծառայության, ասել է․ ֊ «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»:
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանից այսօր հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իր մոտ էլ է սպասողական վիճակ: Պաշտոնյան, ով Հայաստանում պատասխանատու է ԵՏՄ հետ հարաբերությունների համար, չցանկացավ պատասխանել:
Ձևավորվելուց ի վեր Եվրասիական տնտեսական միությունը առայժմ միայն անկումներ է ունեցել: Անցած տարին ԵՏՄ-ն փակեց 3 տոկոս տնտեսական անկումով, այս տարվա առաջին տասը ամիսներին ՀՆԱ-ն դարձյալ կրճատվել է՝ 0.7 տոկոսով: Շարունակում է անկում ապրել նաև անդամ-երկրների միջև առևտուրը: 2015 թվականին ԵԱՏՄ ներքին առևտուրը կրճատվել էր 25.8 տոկոսով, այս տարվա առաջին ինն ամիսներին անկումը կազմել է 14.3 տոկոս:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ գրեթե չորս տարի բանակցելուց և բանակցություններն բարեհաջող ավարտելուց հետո, 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ կերպով հայտարարեց, որ Երևանը ստորագրելու է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր հետ կանգնել Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից և չստորագրել տարիների ընթացքում համաձայնեցված փաստաթուղթը:
Ի դեպ, մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ղեկավարելը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ էր նաև Տիգրան Սարգսյանը, ով 2012 թվականի ապրիլին, Հայաստանի վարչապետ եղած ժամանակ, մոսկովյան Коммерсант պարբերականի հետ զրույցում հայտարարեց․ - «Համաշխարհային պրակտիկայում չկա նման օրինակ, որ ընդհանուր սահման չունեցող երկիրը անդամակցի Մաքսային միությանը: Դա անիմաստ կլիներ: Տնտեսական առումով դա նպատակահարմար չէ»:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցսւթյան հիմքում ոչ թե տնտեսական գործոններն էին, այլ քաղաքական, և Սերժ Սարգսյանի խոսքերը փաստորեն վկայում են՝ Հայաստանը ստիպված ընտրություն է կատարել վատի ու վատագույնի միջև:
«Հիմա երկու տարվա այս արդյունքները ամփոփելիս, այս հանգամանքները նաև հաշվի առնելով՝ մենք գալիս ենք նրան, ինչի մասին խոսում էինք, ասենք, երեք տարի առաջ՝ 2013 թվականին։ Որ տնտեսական առումով առանձնակի ձեռքբերումներ չկան, կամ ընդհանրապես չկան: Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, դա վերաբերում է նաև մնացած երկրներին: Ավելին ասեմ՝ Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի մեջ պարբերաբար տնտեսական պատերազմներ են սկսվում»: