Զինծառայող Սարգիս Մանուկյանի էլեկտրահարվելու և մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետին:
Զինծառայողի էլեկտրահարվելու դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. - «Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Յավրիյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, կապիտան Հրաչ Խանոյանը, պարտավոր լինելով ապահովել և վերահսկել բաշխիչ սարքվածքի շենքերում (էլեկտրական կայանի) դռների և լուսամուտների մշտական փակ լինելը, չեն կատարել իրենց վրա դրված նշված պարտականությունները, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Այն է՝ 4-րդ պահակակետի տարածքում վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մանուկյանը 2016թ. մարտի 30-ին` ժամը 18:14-ին, բաց դռնով անարգել մուտք է գործել տրանսֆորմատորային ենթակայանի բաշխիչ սարքվածքի սենքի տարածք, դիպել 3,468 ԿՎ լարման տակ գտնվող «Ֆազային» հոսանքատար մասին, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և մահացել»:
Յավրիյանին և Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ՝ եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: