Երաժիշտ Վահան Արծրունուն օրերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայության․ երաժշտի խոսքով՝ առանց հստակեցնելու, թե ինչ գործի շրջանակում և ինչ կարգավիճակով:
«Քանի որ ինձ զարմացրեց, որ հեռախոսազանգով արդյո՞ք կարելի է հանդիպել, շատ սիրալիր ձևով պնդեց, ասաց՝ ընդամենը կես ժամ կխլի իմ ժամանակից դա, և որ մեկ-երկու հարց ունեն ինձ տալու», - «Ազատությանը» պատմեց Վահան Արծրունին:
Երաժշտի խոսքով, ԱԱԾ-ում նախ իրեն խնդրել են անջատել բջջային հեռախոսը, ապա հարցեր տվել հիմնականում Արծրունու քաղաքական հայացքների և, մասնավորապես, ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» հետ հնարավոր առնչությունների վերաբերյալ: - «Որո՞նք են Ձեր քաղաքական հայացքները, ձեր կապերը, օրինակ՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ, արդյոք Դուք եղե՞լ եք Խորենացի փողոցում հայտնի իրադարձությունների ժամանակ», - պատմեց երաժիշտը:
Քաղաքական հարցերից բացի, ըստ Արծրունու, հնչել է նաև իր անձնական կյանքին վերաբերող 2 հարց․ առաջինը, թե ինչպես է վաստակում ապրուստը, և երկրորդն արդեն ընտանիքի անդամների մասին․ - «Ինձ սա մտահոգեց, որովհետև, երբ Ձեզ հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն առանց ծանուցագրի, իսկ զրույցը սկսում են նրանից, թե որոնք են Ձեր քաղաքական հայացքները և կապերը, և ավարտվում է նրանով, որ՝ Դուք տանը երկու փոքր երեխա ունեք․․․ այս ներքին տրամաբանությունը առաջացրեց անհանգստություն»:
Կասկածելով, որ գործի ունի անօրինական հրավերի հետ, երաժիշտը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որի գրասենյակի իրավաբանը Արծրունուն տեղեկացրել է, որ առանց ծանուցման և կարգավիճակի հստակեցման, ապա առանց արձանագրություն կազմելու իրեն իրավունք չունեին հրավիրելու ԱԱԾ: Օմբուդսմենի գրասենյակը խոստացել է զբաղվել հարցով։
Մինչ օմբուդսմենի պատասխանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահեցնում է՝ ԱԱԾ-ի գործողությունը որևէ իրավական նորմով չի կարող հիմնավորվել և հակաօրինական է։
«Այն, որ նշել են նրա բնակության վայրի և անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը, դա ուղղակի սպառնալիք է», - ասում է Սաքունցը:
Իրավապաշտպանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք «Հիմնադիր խորհրդարանին» վերաբերող որևէ գործ չքննող Ազգային անվտանգության ծառայությունը ընդդիմադիր այդ կառույցի գործունեությունը համարում է անօրինական, եթե հարցաքննում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ առնչություն ունեցող անձանց․ - «Ցանկացած քաղաքացի, որը հանդիպել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ, և դրանով գտնել, որ սա հակաիրավական ինչ-որ գործողությո՞ւն է: Ավելին՝ Ազգային անվտանգության ծառայությունը հարց է տալիս Վահան Արծրունուն, թե՝ ի՞նչ եկամուտներ ունի: Այսինքն, իրենց վերագրում են նաև հարկային մարմիններին բնորոշ գործառույթ»:
Օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ: Մինչ այդ՝ իրավապաշտպանը պնդում է, որ ժամանակն է, որ ԱԱԾ-ն պարզաբանի, թե, մասնավորապես, ինչ հարցերով է զբաղվում․ - «Պետք է ոչ թե քաղաքական ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ զբաղվի, այլ իրապես պետք է զբաղվի ազգային անվտանգության հարցերով: Իսկ այդ հարցերը ազգային անվտանգության խնդիրներ չեն»: