Էրմիտաժն ու ՀՀ մշակույթի նախարարությունը կհամագործակցեն

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկի, արխիվ:

Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու համագործակցության մասին համաձայնագիրը այսօր ստորագրեցին Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Երևանում է Ռուսաստանի ամենահայտնի թանգարանի՝ Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին:

Երևանը նրա ծննդավայրն է: Նրա ծնողները՝ Բորիս Պիոտրովսկին և Հռիփսիմե Ջանփոլադյանը անցյալ դարի 40-ականներից մի քանի տարի ապրել են Երևանում՝ Զաքյան 2 հասցեում գտնվող շենքում, որտեղ երեկ հանդիսավորությամբ հուշատախտակ բացվեց:

Անվանի գիտնական Բորիս Պիոտրովսկին 25 տարի ղեկավարել է Էրմիտաժը: Այստեղ՝ Հայաստանում նրա անունը հայտնի էր ժամանակին Կարմիր բլուրում կատարած նրա հնագիտական պեղումների շնորհիվ, որոնց արդյունքում հսկայական քանակությամբ ուրարտական ժամանակաշրջանի պատմամշակութային արժեքներ ի հայտ եկան:

Դրանց մի մասը հետագայում տարվեց Էրմիտաժ և ներկայացվեց ոչ թե հայկական, այլ առանձին՝ ուրարտական բաժնում, ինչը ժամանակին հարուցեց հայ պատմաբաններից և արևելագետներից ոմանց զայրույթն ու վրդովմունքը:

Բայց, ինչպես այսօր շեշտում էր «ԻԿՈՄՈՍ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը, հենց Պիոտրովսկիների շնորհիվ այսօր մեծ քանակությամբ արժեքավոր արխիվային նյութեր, լուսանկարներ ու փաստաթղթեր են պահպանվել Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի և Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանի պահոցներում:

«Երեկ ինքը «Էրեբունի» թանգարանում մեկնաբանեց հայկական հետքը: Երկու դահլիճ կա․ մեկը Օրբելու դահլիճն է, որը ամբողջովին վերաբերում է հայկական մշակույթին, և կա մի դահլիճ, որը կոչվում է «Բորիս Պիոտրովսկու դահլիճ»: Այս դահլիճում ամբողջ մեկնաբանության մեխը նրանում ա, որ ուրարտական պետությունը դա հայկական մեր պետության մասն ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյուրջյանը:

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Միխայիլ Պիոտրովսկին ասաց, որ այդ փաստաթուղթը լուրջ բովանդակություն է պարունակում և այսուհետ է՛լ ավելի կընդլայնվի համագործակցությունը Էրմիտաժի և Հայաստանի միջև՝ կստեղծվեն համատեղ արշավախմբեր, համատեղ գիտական ուսումնասիրություններ կիրականացվեն:

«Նաև կփորձենք ավանդույթ ձևավորել, կանոնավոր կերպով Հայաստանում անցկացնել «Էրմիտաժի օրեր»», - ասաց Միխայիլ Պիոտրովսկին:

«Ազատության» հարցին, թե արդյոք հստակ է, թե որ տիրույթում է ծավալվելու համագործակցությունը, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատասխանեց․ ֊ «Համագործակցության շերտերն ու եզրերը բազմազան են և բազմապիսի: Պարզապես առայժմ միս ու արյուն ստանալու համար անհրաժեշտ էր ստորագրել այս պայմանագիրը, որպեսզի մենք կարողանայինք կոնկրետ աշխատանքներ կատարել և նշել ժամկետներ: Քանի որ դեռ չկան ժամկետներ և դժվար է նշել բոլոր կատարվող աշխատանքների նաև արդյունքները, թույլ տվեք այս պահին ընդհանուր առումով ասել, մենք ստոագրեցինք հաջորդ տարվա ընթացքում բազմաժանր և բազմաթիվ տարբեր ուղղություններով՝ գիտական, մշակութային, փոխհամաձայնության համաձայնագիր, որը, կարծում եմ, իսկապես կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»: