ԱՄՆ-ում 10 ընտրիչներ պահանջում են «ռուսական հետքի» ապացույցներ

ԱՄՆ-ում ենթադրում են, որ նախագահական ընտրություններին նախորդած րջանում ռուս հաքերները կոտրել են Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի սերվերները

Ընտրիչների կոլեգիայի անդամներ, որոնցից 9 դեմոկրատական, 1 հանրապետական, ասել են, որ ուզում են հասկանալ, թե որքանով է արժանահավատ Դեմոկրատական կուսակցության կայքերի վրա ռուս հաքերների հարձակման մասին տեղեկությունը:

ԱՄՆ-ի՝ 538 անդամներից կազմված Ընտրիչների կոլեգիան պետք է հաջորդ երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, ժողով գումարի և քվեարկությամբ որոշի, թե ով է ի պաշտոնե հաղթել նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններում:

Մինչ այդ կոլեգիայի 10 անդամներ ցանկանում են պատկան ծառայություններից տեղեկություններ ստանալ ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա ռուս հաքերների հնարավոր ազդեցության մասին:

Ընտրիչների կոլեգիայի անդամներ, որոնցից 9 դեմոկրատական, 1 հանրապետական, ասել են, որ ուզում են հասկանալ, թե որքանով է արժանահավատ Դեմոկրատական կուսակցության կայքերի վրա ռուս հաքերների հարձակման մասին տեղեկությունը:

Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերին հասցեագրած բաց նամակում նրանք հարցնում են, թե արդյո՞ք այսօր ընթանում է քննություն, որը պետք է պարզի կապը Դոնալ Թրամփի կամ նրա թիմի և ընտրություններին Ռուսաստանի կառավարության ազդեցության միջև: Եվ եթե կա քննություն, ապա այն ո՞ր փուլում է, ո՞վ է իրականացնում, ի՞նչ է արդեն հայտնի:

«Մեզ անհրաժեշտ են տեղեկություններ, քանի որ դրանից ելնելով՝ մենք պետք է որոշենք, թե արդյ՞ոք պարոն Թրամփն ունակ է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները»,- ասվում է ընտրիչների նամակում:

Ընտրիչների կոլեգիան սովորաբար պարզապես վավերացնում է նահանգ առ նահանգ ժողովրդական քվեարկության արդյունքները, սակայն, Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ՝ կոլեգիային վերապահվել է բացառիկ հանգամանքներում ժողովրդական ընտրությունների արդյունքը շրջանցելու իրավունք:

Անցած շաբաթավերջին Կենտրոնական հետախուզական վարչությունը հայտնել է, որ Մոսկվան ամեն կերպ փորձել է նպաստել Թրամփի ընտրությանը և Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու համար է Դեմոկրտատական կուսակցության ազգային կոմիտեի կայքերից ու անձամբ դեմոկրատական թեկնածուի սերվերից հաքերների օգնությամբ գողացել հազարավոր էլեկտրոնային նամակներ:

Դրանք հաքերները փոխանցել են WikiLeaks-ին: Իսկ այդ կայքի կողմից նամակները հրապարակելուց կարճ ժամանակ անց Քլինթոնի վարկանիշն էական անկում է գրանցել: Ընտրյալ նախագահ Թրամփն «անհեթեթություն» է անվանել ռուսների միջամտության մասին պնդումները, սակայն, Կոնգրեսի վետերան անդամներն ամենայն լրջությամբ են ընդունել այդ տեղեկությունները:

Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովն էլ մտադիր է լսումներ անցկացնլ: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնստն այդ կապակցությամբ ասել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը սատարել է հարցը Կոնգրեսում քննելու առաջարկը: «Հետախուզական համայնքը, անվտանգության այլ մարմինները և Կոնգրեսում երկու կուսակցությունների ներկայացուցիչները համագործակցել են այս խնդրում և նախընտրական, և հետընտրական շրջանում»,- ասել է Էրսնտը: