Կանադահայ դերասանու՝ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջ փաստաբան Տիգրան Եգորյանն ասաց, որ իրենց չեն պատրաստվում մարդասիրություն դրսևորել, քանի որ նույն ոստիկանը մարդասեր չէր, երբ բերման էր ենթարկում իր վստահորդին:
Իսկ Խանջյանի մյուս պաշտպան Արամազդ Կիվիրյանի կարծիքով, ոստիկանությունը պարզապես անտարբերություն է դրսևորում․ - «Ունենալով այդքան աշխատակիցներ, չի կարողանում ապահովել այս դատական պրոցեսով գեթ մեկ ներկայացուցիչ, ով որ կկարողանա իրապես ներկայացնել Ոստիկանության շահերը: Երբ որ կոնկրետ չկա ներկայացուցիչ, դիրքորոշում չեն արտահայտում, պատասխան չեն գրում․ զանգահարում են ուղղակի դատարան, ասում են՝ վատառողջ ենք, չեն գալիս»:
Արսինե Խանջյանին առանց պատճառաբանության Խորենացի փողոցից բերման էին ենթարկել և ձերբակալել Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման օրերին։ Նա գնացել էր հավաքին մասնակցելու, ինչպես նաև դրա վերաբերյալ ֆիլմ պատրաստելու համար: Սակայն հայտնվեց Ոստիկանության զորքերի զորամասում:
Փաստաբանները պնդմամբ, ոստիկանները ոչ միայն չեն ներկայացել, այլև չեն ներկայացրել որևէ պահանջ: Խանջյանը նաև փաստաբանին դիմելու հնարավորություն չի ունեցել:
Դերասանուհին դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: Նա նաև բարոյական ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցում է պահանջում։
«Անթաքույց, ուղղակի տեղափոխում էին մարդկանց զորամասեր, համակենտրոնացման ճամբարների նման պահում էին այնտեղ ում ինչքան ուզում էին և բաց էին թողնում: Եվ այս ամենի զոհ դարձավ նաև Արսինե Խանջյանը: Ցավոք սրտի, շատ քիչ են այս հետապնդումների և այս վերաբերմունքի կապակցությամբ դատարան դիմողները: Ցանկալի է, որ շատերը հետևեն Արսինե Խանջյանի օրինակին», - ասաց Տիգրան Եգորյանը։
Ի դեպ Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը թույլ չտվեց, որպեսզի նիստն այսօր տեսանկարահանվի՝ պնդելով, թե այն հրապարակային է, բայց ոչ հանրային։
Փաստաբաններն առարկեցին ու փաստարկներ ներկայացրեցին, սակայն դատավորը նշեց, որ ինքն արդեն որոշում կայացրել է և այն նաև հաջորդ նիստերին կվերաբերի։
Այս կապակցությամբ Արամազդ Կիվիրյանն ասաց․ - «Մի քիչ անհասկանալի էր, թե ինչու նույն դատարանը, որը մեկ այլ վարչական գործով թույլատրում էր տեսանկարահանումը, այս դեպքում չի թույլատրում: Ես նաև չհասկացա դատարանի պատճառաբանությունը, թե գործը հրապարակային է, բայց հանրային չէ: Քանի որ հրապարակայինը կարելի է ձայնագրել, բայց քանի որ հանրային չէ, չի կարելի տեսանկարահանել և լուսանկարահանել: Ճիշտն ասած, այդպիսի տարբերակված մոտեցում ինձ հայտնի չէ»: