Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը քիչ հավանական է համարում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով մինչև տարեվերջ Սարգսյան-Ալիև հանդիպումը։
Դրա պատճառներից մեկն, ըստ քաղաքագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանաձևն է, որը կառուցվել է երկու կողմերի համար, ինչպես Սարգսյանն ասաց, անընդունելի դրույթների վրա:
«Բոլոր երկրները միասին միասնական դիրքորոշում են ցուցաբերել մի բանաձևի շուրջ։ Նրանք կողմերին ներկայացրել են մի կարևորագույն բանաձև, որ զուգահեռ պետք է բովանդակային բանակցություններ վարվեն կարգավորման շուրջ և միանգամից իրականացվեն այն որոշումները, որոնք ընդունվել են Վիեննայում։ Սա նորություն է։ Այսինքն առաջինը՝ փաստորեն Հայաստանի դիրքորոշումն արդեն իսկ վտանգվեց. Հայաստանի նախապայմանը չընդունվեց՝ Հայաստանն ասում էր՝ «պետք է տեղադրենք, հետո անցնենք բանակցությունների», համանախագահողներն ասում են՝ «ոչ, զուգահեռ»։ Մյուս կողմից Ադրբեջանը շատ ծանր կացության մեջ մնաց, այսինքն, գնալով բանակցություններին նա պետք է համաձայնություն տա, որ սկսում է տեղադրել մեխանիզմները։ Լավ մտածել են, բանաձևը կառուցվել է երկու կողմերի համար անընդունելի դրույթների վրա, և իզուր չի, որ նրանք ասել են՝ «երբ որ պատրաստ կլինեք, մենք պատրաստ ենք նախագահների հանդիպում կազմակերպել»։ Այս բանաձևի շուրջ, եթե համաձայնություն չեղավ, ոչ մի հանդիպում էլ չի լինի և իրենք էլ որևէ աշխատանք էլ չեն տանի», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Կարելի է ասել, որ ընդհանրապես Ադրբեջանից հանել են այդ պարտավորությունը։ Ադրբեջանը կասի՝ «խնդրեմ, էսօր գնանք բանակցությունների, երբ որ բանակցություններում ընթացք լինի կտեղադրենք»։
Ըստ քաղաքագետի, բավականին բարդացել է Ռուսաստանի վիճակը։ «Որովհետև նման համապարփակ մոտեցում ցուցաբերելուց հետո, իհարկե արդեն իսկ առանձին խաղերը կողմերի հետ, որը մենք նկատում էինք. դժվարացել են։ Երկրորդը՝ Ադրբեջանի համար նույնպես բարդացել է, որովհետև մինչ այսօր եղել է անընդհատ մի հնարավորություն, եթե ինչ-որ մի բան ընդունելի չի Մինսկի խմբի կողմից առանձին Ռուսաստանի հետ փորձել մի ուրիշ իրավիճակ ստեղծել, ինչը եղավ Վիեննայի հանդիպումից հետո», - ասաց Սարգսյանը։
Հարցին, թե, ո՞րը պետք է լինի Հայաստանի արձագանքն այս պարագայում, քաղաքագետը պատասխանեց. - «Հայաստանի համար շատ էական է դնել ու դա մի անգամ դրվել ու շատ շուտ մոռացվել է մի պայման, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչ ապրիլի 1-ի դիրքերը, որովհետև դրանով է նա ապացուցում, որ նա պահպանում է 1994 թվականի պայմանագիրը։ Դա էական հարց է, որն Ադրբեջանի համար ստեղծելու է ընդհանրապես անելանելի վիճակ»։