Նրա պնդմամբ՝ հաշվետվությունում տեղ գտած ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը, վարկաբեկում են Հայաստանում գերակա ճյուղ ճանաչված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, իսկ խախտումները, որոնք մատնանշվել են Վերահսկիչ պալատի կողմից, հիմնադրամը թույլ չի տվել։
Համաձայն Գլխավոր դատախազության հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է աշխատակիցների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ տված խախտումների և չարաշահումների համար, որոնք ծանր հետևանքներ են առաջացրել:
«Մենք, իհարկե, միտում ենք տեսնում հենց Վերահսկիչ պալատի կողմից: Եթե վնաս հասցվեր միայն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իմիջին, ապա դա մասնավոր դեպք կլիներ: Ընտրել կազմակերպությունը, որը ունի բավական մեծ ազդեցություն ոլորտի զարգացման գործում, ընտրել կազմակերպության այն ծրագրերը, որոնք ունեն շատ մեծ հաջողություն, դրանց վերաբերյալ փորձել առանց քննարկման, լղոզված ինչ-որ նյութ պատրաստել, հետագայում մամուլում նաև էդ ամբողջը հրապարակել․․․ ես սա տեսնում եմ վնաս ոլորտին, ոչ միայն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին», - հայտարարեց Ենգիբարյանը։
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու պետք է Վերահսկիչ պալատը ցանկանա վնասել հիմնադրամին կամ ՏՏ ոլորտին, նա չբացառեց նաև անձնական բնույթի խնդիրները․ - «Կարող է անձնավորված խնդիր լինի, կարող է չգիտեմ ինչ խնդիր լինի: Էս հարցը ես շատ եմ ուղղել իրենց: Ինձ ասել են՝ խնդիր չկա, Բագրատ ջան, ստուգում ենք, նորմալ ա»:
«Երևի «Ձեռնակությունների ինկուբատորի» նկատմամբ ինչ-որ բան ունի, կազմակերպության նկատմամբ՝ եթե գալիս են կազմակերպությունը ստուգում են և առանց քննարկելու եզրակացություն են անում», - հավելեց նա:
Ենգիբարյանը փոխանցեց, որ միջանկյալ հաշվետվությունների տակ իրենք ստորագրել են՝ հայտնելով սեփական առարկությունները։
Լրագրողների հետաքրքրվեցին, թե ինչպես է բացատրում այն փաստը, որ դեռ 2005 թվականին խորհուրդը հավանություն է տվել հիմնադրամի 50 տոկոս բաժնային մասնակցությամբ, 30 միլիոն 800 հազար դրամ կանոնադրական կապիտալով նոր «Սորսիո» ընկերության ստեղծմանը, որի բաժնետոմսերի կեսը պատկանել է այն ժամանակ դեռ հիմնադրամի խորհրդի անդամ Հովհաննես Ավոյանին։ Իսկ արդեն մեկ տարի անց 20 տոկոս հավելաճով «Սորսիո» ընկերության ձեռք է բերել հիմնադրամի բաժենտոմսերը։ Այս ամենը, Վերահսկիչ պալատի բնորոշմամբ, օրենքի խախտում է։
«Բաժնեմասը վաճառվում է․․․ Նախ խորհրդի որոշում է կայացվում՝ ինչ տոկոսով վաճառել, և վաճառելուց հետո առաջինը առաջարկվում է մյուս բաժնետիրոջը: Այսինքն, նախապատվության իրավունք ունի մյուս բաժնետերը: Մենք շատ բարձր նշաձող վերցրեցինք խորհրդի որոշմամբ՝ եկեք փորձենք քսան տոկոս ավելով վաճառենք: Ինչո՞ւ քսան տոկոս: Որովհետև այդ ժամանակ քանի որ հիմնականում առևտրային վարկերը Հայաստանում մոտավորապես քսան տոկոսի կարգի էին: Շատ բարձր գումար էր, մեկ տարվա կազմակերպության համար, որը մեկ միլիոն դրամ ընդամենը եկամուտ ուներ: Ուղղակի այնտեղ բավական պոտենցիալ հնարավորություն տեսնելով և մյուս բաժնետիրոջը առաջարկելով, երբ որ նա համաձայնվեց, մենք ուղղակիորեն պարտավոր էինք իրեն վաճառել: Մյուս կազմակերպությունները վաճառվել են զրո հավելաճով, բայց դրանց մասին ոչինչ չի խոսվում», - պարզաբանեց Ենգիբարյանը:
Հաշվետվությունում տեղ են գտել նաև փաստեր հիմնադրամի տրամադրած փոխառությունների մասին։ Վերահսկիչ պալատը արձանագրել է, որ Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իր հետ հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր՝ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Տնօրենը սա ոչ միայն չի հերքում, այլև նշում է, թե դրանք վաղուց մարել է:
Իսկ վերցրել էր իր առողջական խնդիրները լուծելու համար․ - «Մենք քանի որ ուզում ենք սոցիալական փաթեթը բոլորս օգտագործենք, մանրամասն ուսումնասիրելով բոլոր կազմակերպությունների փորձը, այդ թվում նաև՝ համաշխարհային ճանաչում ունեցող, նմանատիպ սոցիալական գործունեության համար նմանատիպ գումար է տրվում և կոպեկ-կոպեկ վերադարձվում են: Այդտեղ շահ չի կարող լինի: Դա որոշակի խնդիր լուծելու համար փաթեթ է: Աշխատակցին չենք կարողանում առողջապահական կամ այլ ապահովագրություն ապահովել, կարողանում են նմանատիպ խնդիր լուծել՝ առողջական կամ սոցիալական այլ խնդիր լուծելու համար»:
Տնօրենը պնդում է, թե անգամ հիմնադրամի տրամադրած դրամաշնորհները, որոնց հաղթողները երբեմն եղել են նաև իր բարեկամները, իրականացվել են բաց ու թափանցիկ՝ հստակ նշելով բարեկամական կապի մասին։
Նա նշում է՝ առարկությունները ներկայացված են, իսկ ինչ վերաբերում է դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցած քրեական գործին, ապա նրա բնորոշմամբ՝ դա միայն կնպաստի ճիշտը ջրի երես հանելուն․ - «Քննություն կլինի, կլինի քննիչ, մենք քննիչի հետ կաշխատենք: Եթե լինեն օրենքի խախտումներ, ապա պիտի բոլորը օրենքի առաջ պատասխան տան: Այսօրվա դրությամբ մենք ունենք իրավիճակ․․․ այն փաստերով և երկրի տարբեր իրավաբանների, մասնագետների նայելով, նմանատիպ խնդիր չկա»:
Ենգիբարյանը ասաց՝ երբ պահը գա, անպայման Վերահսկիչ պալատից պատիվ կպահանջեն․ կախված իրավիճակից՝ հակընդդեմ հայցով կդիմեն դատարան։
«Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ Վերահսկիչ պալատից, սակայն, նախագահի մամլո քարտուղարն այդպես էլ անպատասխան թողեց զանգերը։