Ամիսներ շարունակ խաղադաշտ դուրս գալու իր հնարավորությանը սպասող Հենրիխ Մխիաթարյանից ընդամենը երկու շաբաթ պահանջվեց՝ պրեմիեր լիգայում առաջին գոլը խփելու և մեկը մյուսի ետևից հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար:
Երեկ` Տոտենհեմի հետ խաղում Հենրիխի հաղթական գոլից հետո «Օլդ Թրաֆորդ»-ը (Մանչեսթրի հայտնի մարզադաշտերից) արդեն «օ Մխիթարյան» էր երգում, իսկ երբ վնասվածքից հետո նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից՝ հոտնկայս ծափահարում:
«Հենրիխի վնասվածքը լուրջ չէ»,- խաղից հետո շտապեց երկրպագուներին հանգստացնել Յունայթեդի մարզիչը: Եվ եթե նախորդ խաղերին 27-ամյա հայազգի կիսապաշտպանը լավագույն խաղացող էր ճանաչվում «Մանչեսթր Յունայթեդ»- ի բազմահազար երկրպագուների կողմից, ապա երեկ նրանց միացավ նաև պահանջկոտ Ժոզե Մոուրինյոն՝ «ֆանտաստիկ» որակելով Մխիթարյանի գոլը:
«Ես մտավախություն ունեի, բայց վնասվածքը լուրջ չէ, վտանգավոր բան չկա: Ես հուսով եմ՝ մեկ շաբաթից Մխիթարյանը կրկին խաղադաշտ դուրս կգա: Նա հաղթահարեց ավելի լավը դառնալու նշաձողը և հիմա տալիս է խաղին այն, ինչ ես ակնկալում եմ հարձակողական թևի խաղացողներից»,- ասաց մարզիչը:
Sky Sports-ի հետ զրույցւոմ Մոուրինյոն ավելի հեռուն է գնացել և հորդորել «Մանչեսթր Յունայթեդ»-ի խաղացողներին՝ օրինակ վերցնել երևակայությամբ ու տեխնիկայով աչքի ընկնող Մխիթարյանից: «Նա հատեց գիծը, որը մյուսները դեռ պետք է անեն, կուզեի, որ նույնը անեին նաև թիմի որոշ հարձակվող ֆուտբոլիստներ: Մխիթարյանն անընդհատ աշխատում ու աշխատում է իր վրա՝ ոչ միայն գոլային պահ ստեղծելով, այլև պաշտպանությանը մասնակցելով»,- շարունակել է մարզիչը:
Ինքը՝ վնասվածքով, բայց հաղթականորեն խաղադաշտից դուրս եկած Մխիթարյանը հանդիպումից հետո «Թվիթեր»-ում գրել է՝ «Անհավատալի թիմային հաղթանակ էր: Առաջին գոլս «Օլդ Թրաֆորդ»-ում նվիրում եմ աշխարհում «Մանչեսթր Յունայթեդ»-ի բոլոր երկրպագուներին: Շնորհակալություն ձեզ՝ հաղորդագրությունների և աջակցության համար: Սիրում եմ ձեզ»:
Ի դեպ, Մանյուի ֆեյսուբուքյան էջում երեկվանից գրեթե բոլոր գրառումները հենց Մխիթարյանին են նվիված: «Արդեն չորրորդ անգամն է՝ նրան է տրվում հանդիպման լավագույն խաղացողի տիտղոսը, չեմ զարմանա, եթե Մխիթարյանը նաև այս խաղաշրջանի թիվ մեկը դառնա»,- գրել է երկրպագուներից մեկը: «Ու՞մ է պետք Մեսսին, եթե կա Մխիթարյանը»,- հարց է տվել մեկ ուրիշը:
Յունայթեդի նակին մարզիչ, բրիտանական ֆուտբոլի ամենահայտնի մեկնաբաններից Ռոն Ատկինսոնն էլ պնդել է՝ «Մխիթարյանի գոլը բարձրակարգ վարպետության օրինակ էր: Երբ Մխիթարյանը մտավ տուգանային հրապարակ, պաշտպանները նետվեցին նրա ուղղությամբ, սակայն, Հենրիխն առանց խուճապի կողմնորոշվեց ու այնպիսի հզոր հարվածով դարպասը մխրճեց գնդակը, որ հինգ դարպասապահ էլ չէին կարող փրկել»: