ԼՂ նախագահը սահմանադրական բարեփոխումներին նվիրված ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված սահմանադրական բարեփոխումներին:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը բավարար է գնահատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի իրականացրած մեծածավալ աշխատանքը, հավելելով, որ ներկայացված նախագիծը հիմնականում տալիս է հանրային ու քաղաքական մտածողության մեջ շրջանառվող հարցերի պատասխանները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակի պահանջ են և կրում են օբյեկտիվ բնույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդելու երկրում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, կատարելագործելու իշխանության ճյուղերի հավասարակշռումը, բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը:

«Որոշակի խմբագրական աշխատանք իրականացնելուն պես, ինչպես նախատեսված է գործող Սահմանադրությամբ և օրենքներով, Սահմանադրության նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ խորհրդարանի հավանությունը ստանալու համար, ինչից հետո միայն կարող ենք խոսել այն հանրաքվեի դնելու ժամկետների մասին», - նշել է Բակո Սահակյանը: