ԼՂ ՊՆ. Հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծել է հայկական դիրքերը

Հայ զինվորը մարտական հենակետում հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը:

Ըստ հաղորդագրության, ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այս պահի դրությամբ շփման գոտու ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ է», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

ԼՂ ՊՆ-ն նաև փոխանցում է, որ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:

«Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ և 60 միլիմետրանոց ականանետ /8 արկ/: Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում: