Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի անցակետը բաց է

Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, Երևան-Թալին, Ստեփանավան-Ալավերդի 12-14-րդ կմ-ին, Զովունի-Եղվարդ, Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզում և Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, բեռնատարների համար՝ միայն Վրաստանից դեպի Ռուսաստան։