Ռուսական օդուժը 64 օդային հարված է հասցրել Պալմիրայի վրա հարձակվող ԻՊ ահաբեկիչներին

Սիրիա - Ռուս զինծառայողները պարեկություն են իրականացնում ԻՊ-ից ազատագրված Պալմիրայում, մայիս, 2016թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե սիրիական բանակի ու իրենց աջակցությամբ «Իսլամական պետության» ավելի քան 300 ահաբեկիչ է սպանվել Պալմիրա քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, գրոհայինների դիրքերին 64 օդային հարված է հասցվել:

Բրիտանիայում տեղակայված սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, մարտերը տեղափոխվել են քաղաքի ծայրամասային հատվածներ:

«Իսլամական պետության» զինյալները հնագույն Պալմիրա քաղաքը գրավել էին անցյալ տարվա մայիսին, ականապատել էին քաղաքը ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Կառավարական զորքերը Պալմիրան հետ էին գրավել այս գարնանը, սակայն վերջին օրերին ջիհադիստները սկսել են գրոհել` այն կրկին իրենց վերահսկողության տակ առնելու համար: