Նավթարդյունահանող երկրների կազմակերպությունը (OPEC) պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի և կազմակերպությանը չանդամակցող մյուս խոշոր նավթարդյունահանող երկրների հետ՝ նավթի համաշխարհային արդյունահանման ծավալների կրճատման շուրջ։
Նավթարդյունահանող երկրների կազմակերպության նախագահ Մուհամմադ ալ-Սադան հայտարարել է, որ OPEC-ի մաս չկազմող 11 պետությունները (Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Բահրեյնը, Բրունեյը, Հասարակածային Գվինեան, Մալայզիան, Մեքսիկան, Օմանը, Սուդանը և Հարավային Սուդանը) համաձայնել են ընդհանուր առմամբ օրական 558,000 բարելով կրճատել իրենց արդյունահանման ծավալները։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին, OPEC-ի անդամ երկրները համաձայնել էին 1,2 միլիոն բարելով կրճատել արդյունահանման ծավալները։