Պայթյուններ Ստամբուլի մարզադաշտի մոտ, կա առնվազն 29 զոհ

Ստամբուլում ֆուտբոլային մարզադաշտի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 29 մարդ զոհվել է, 166-ը վիրավորվել։ Զոհվածներից 27-ը ոստիկաններ էին։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլուն նշել է, որ պայթյուններից մեկը ամենայն հավանականությամբ իրականացվել է ականապատված մեքենայով, որը որպես թիրախ է ընտրել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Վոդաֆոն Արենա» մարզադաշտի մոտ կանգնած ոստիկանական ավտոբուսը։ Մյուս պայթյունն իրականացվել է մոտակայքում գտնվող այգում՝ առաջինից մոտ 45 վայրկյան հետո։

Պայթյունները տեղի են ունեցել «Բեշիկթաշ» և «Բուրսասպոր» թիմերի միջև տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումից մոտ երկու ժամ հետո։

Պայթյունների կապակցությամբ 10 մարդ է ձերբակալվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը «ահաբեկչական գործողություն է» և խոստացել է ոչնչացնել բոլոր ահաբեկչական խմբավորումներին և ահաբեկիչներին։