Վանաձորում հրդեհից տուժած ընտանիքները հույս ունեն, որ ընդդիմադիր ավագանիները կմասնակցեն իրենց հարցով նիստին

Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով անօթևան մնացած 4 ընտանիքներն առայժմ ապրում են ժամանակավոր կացարաններում:

24-ամյա Լուսինեի տնակը ամբողջովին այրվել է, միայն նորածին երեխայի օրորոցն են հասցրել փրկել: Լուսինեն ասում է՝ բարեգործներն օգնել են՝ որոշ քանակությամբ սնունդ ու նորածնի հագուստ են տրամադրել։ Նա ամուսնու և երկու երեխաների հետ ապաստանել է սկեսրոջ տնակում՝ այլընտրանք չունեն:

«Ճիշտա, էլի ստեղ կմնամ ժամանակավոր, բայց ստեղ էլ հնարավոր չի՝ ընդամենը մի կռավաթա։ Մի կերպ հարմարվում ենք», - պատմում է նա։

Լուսինեի հարևանուհու՝ Սուսաննա Կիրակոսյանի տնակում թեպետ ամեն ինչ տակնուվրա է արված, բայց որոշ իրեր դեռ կարելի է օգտագործել։ - «Ասենք՝ վերևից ջուրը լցրել են, հանգցրել, բայց շիֆրերից հետ մոխրացել է», - ասում է նա։

Սուսաննայի ընտանիքը վարձով բնակարան արդեն գտել է: Նրա հարևան Սիրուն Ծատուրյանի վեց անձից բաղկացած ընտանիքը բարեկամի տանն է ապաստան գտել: Կինը ցավով է փաստում՝ իր ողջ աշխատանքն այսօր մոխիր է դարձել: - «Ես աշխատող կին եմ, ամառը աշխատել եմ Ռուսաստան՝ երեք ամիս, եկել եմ՝ ամեն ինչ առել՝ յուղա, պանիրա, կարտոշկա, ուտելիք․․․ բայց բոլորը վառվել է՝ թափել ենք», - դժգոհում է Ծատուրյանը։

Ընտանիքները հանդիպել են քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ով խոստացել է լուծել բնակիչների տան վարձի խնդիրը: Ի դեպ՝ դեկտեմբերի 13-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում բյուջեում փոփոխություն կատարելու և անօթևան մնացած ընտանիքներին աջակցելու հարցն է: Հոկտեմբերի 10-ին Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ ընտրվելուց հետո ավագանու ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են նիստերը, և մինչ օրս որևէ նիստ չի կայացել:

Անօթևան մնացած ընտանիքները հույս ունեն, որ այս անգամ ընդդիմադիրները չեն բոյկոտի և ավագանու նիստը կկայանա: - «Եթե չհրաժարվեն, չբոյկոտեն նորից՝ երևի մեր գործը լավ կլինի», - ասում են նրանք։