Թուրքիայի դատախազությունն Ստամբուլի համալսարանի 87 աշխատակցի ձերբակալելու լիազորություն է ստացել անցած հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում: Անկարան հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրում է Միացյալ Նահանգներում բնակվող մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Ըստ «Անադոլու» գործակալության ոստիկանությունը կասկածյալներին ձերբակալելու նպատակով երկրի 12 շրջաններում գործողություններ է իրականացնում: Ձերբակալվածների թվում են նաև համալսարանի դոցենտներ և պրոֆեսորներ:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին պաշտոնական մեղադրանք են առաջադրել և ԱՄՆ իշխանություններից պահանջում են նրան արտահանձնել:
Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր մասնակցության մասին պնդումները: Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է շուրջ 32 հազար մարդ, աշխատանքից հեռացվել շուրջ 100 հազար պետական ծառայող: