ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» չորրորդ ամփոփիչ ստուգումը, ինչի արդյունքում Հայաստանին կտրամադրվի շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հնարավորություն: Այն տրամադրվում է բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին ի պատասխան:
«Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլ.՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) (շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 90.28 միլիոն ԱՄՆ դոլար): 82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին»,- մասնավորապես նշված է ԱՄՀ-ից ստացված հաղորդագրության մեջ:
ԱՄՀ Գործադիր խորհրդում Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Դեյվիդ Լիփթընը, մասնավորապես, նշել է՝ «Ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների և գնանկման պայմանների: Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման և կայուն և ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր:
«Եկամուտների թերակատարումները, արտաքին ֆինանսավորման ծրագրերի հակացիկլային գերակատարման հետ մեկտեղ, սպասվում է, որ կընդլայնեն 2016 թ. բյուջեի պակասուրդը: Այնուամենայնիվ, իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ու պարտքի կայունությանը, ինչն արտացոլված է նրանց հարկաբյուջետային կանոնում, որի նպատակն է ապահովել, որ միջնաժամկետ հեռանկարում պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր պարտքի ցուցանիշ»:
Նախօրեին էլ Հայաստանը և Համաշխարհային բանկը ստորագրել են 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ «տնտեսության առանցքային ոլորտներում Կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար»:
«Մեր նպատակն է սատարել Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը: Սույն գործառնությունը կօգնի բարելավել երկրի մրցունակությունը և գործարար միջավայրը և ավելացնել զբաղվածության հնարավորությունները»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
«Սույն գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ»,- նշված է ՀԲ հաղորդագրության մեջ: