Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի և հարակից մի քանի այլ բնակավայրերի խաղողագործներն այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելու շուրջ 2 տարի առաջ մթերված խաղողի գումարը:
«Վինար» ընկերությունը մոտ 50 միլիոն դրամ է պարտք Արարարտի մարզի խաղողագործներին։ Վերջիններս գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ այսօր երկար բանավիճելուց հետո նորից հուսահատ ետ վերադարձան։ «Մեր գումարն ումի՞ց ուզենք։ Տվեք մեր գումարները, ի՞նչու պիտի մենք ամեն օր գանք էստեղ ցույց անենք»,- բողոքում էին ցուցարարները:
Փոխնախարարը նրանց տեղեկացրեց, որ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանը որոշել է վարկ վերցնենել և գնել գյուղացիների գումարները չվերադարձնող «Վինար»-ի սպիրտային հումքը, որպեսզի մարեն պարտքերը։ «Հիմա սպասում ենք անալիզի արդյունքերին։ Պռոշյանի գործարանը պիտի որոշի՝ գնու՞մ է այդ սպիրտը, թե ոչ, որպեսզի գումարները վերադարձվեն»,- ասաց Մակարյանը: Խաղողագործները, սակայն, ի պատասխան, նշում էին, թե այլևս ոչ մի հույս չունեն: «Փոխնախարարին շատ ենք լսել, չենք հավատում», «2 տարի ա՝ նույն բանն են ասում», «Հիմա էլ որ Պռոշյանը չգնի, ի՞նչ են անելու»:
Գյուղատնտեսության փոխնախարարից հույսները կտրած՝ գյուղացիները պահանջեցին հանդիպում՝ վարչապետի հետ: Ասում էին՝ նախկին վարչապետը մի օր խոստացավ, թե կստանաք ձեր գումարները, և իրենք որոշակի գումար ստացան՝ «Հրաշքներ լինում են, թող էս մի վարչապետն էլ մի հրաշք գործի, հելնենք գնանք մեր տները»:
Այգեզարդցի Գրիշա Մկրտչյանը, որն իր 400 հազար դրամ գումարը շուրջ երկու տարի է չի կարողանում ստանալ, փորձեց մտնել կառավարության շենք, սակայն, ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացավ: Մկրտչյանն ասաց, թե գյուղացիների համբերությունն արդեն սպառվել է, եղած փողերն էլ ցույցի գալ, gնալու ճանապարհի վրա են ծախսում։ «Ամոթ չի՞, հա փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ։ Ես ինչքա՞ն էս կոպեկներով գնամ, գամ»,- հարց է հնչեցնում խաբված գյուղացին: