Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել Դոնալդ Թրամփին

Ամերիկյան Time ամսագիրն այսօր տարվա մարդ հռչակեց Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին: Շապիկին տեղադրված լուսանկարի տակ Time-ի խմբագրակազմը մակագրել է՝ «Բաժանված Նահանգների նախագահը»: Ընտրյալ նախագահին նվիրված հոդվածում է ամսագիրը պարզաբանել է՝ Թրամփի ընտրությունը երկիրը բաժանել է երկու հակամարտող ճամբարների:

«Ես ոչինչ չեմ արել երկիրը բաժանելու համար», - շտապել է հակադարձել Թրամփը՝ այդուհանդերձ հայտարարելով, որ իր համար մեծ պատիվ է այս իրադարձությունը, և որ իր համար այն մեծ նշանակություն ունի:

Դոնալդ Թրամփին նվիրված հոդվածում Time-ը սակայն դժվարանում է միանշանակ պատասխանել՝ դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է թողել աշխարհի վրա Միացյալ Նահանգների քառասունհինգերորդ նախագահը դարձած միլիարդատերի գործունեությունը:

Պարբերականը ընդգծում է Թրամփի բազմազան կերպարը՝ աջակիցների համար Թրամփը «երկար սպասված հանդիմանանք է» մեծամիտ իշխող վերնախավին: Իսկ Թրամփին դեմ ընտրազանգվածը նրա քաղաքականությունը տեսնում է «ազգայնամոլությամբ, սեքսիզմով թունավորված»:

«2016 թվականը նրա համար վերելքի տարի էր, 2017-ը կլինի կառավարման տարի, և ինչպես բոլոր նորընտիր առաջնորդները, ինքն էլ հնարավորություն ունի կատարելու խոստումները և արհամարհելու սպասելիքները: Աջակիցներն ու քննադատները միասին են պարզելու, թե որքանով է նա իրականում հավատում այն ամենին, ինչի մասին խոսում էր»,- գրում է Time-ի գլխավոր խմբագիր Նենսի Գիբբսը՝ հավելելով․ - «Շուտով նրա ձեռքի տակ կհայտնվի հզորագույն մահացու զենք և տնտեսական լծակներ, որոնք հնարավորություն են տալիս փոխելու միլիարդավոր մարդկանց կյանքեր»:

Հոդվածի հեղինակները գրում են նաև, որ նախկինում Թրամփին համարում էին հայտնի շոումեն, բայց միևնույն ժամանակ վստահ էին, որ իրականում նա իրենից քիչ բան է ներկայացնում: Սակայն քննադատները չէին հասկանում, որ իրենց մեծամտությունը միայն ավելի ուժեղ է դարձրել նրան: Թրամփը կարողացել է օգտվել անգամ թաբլոիդների շապիկներին հայտնվելուց, որպեսզի կարողանա խոսել հասարակ ժողովրդի հետ, նրան հաջողվել է հաղթահարել Միացյալ Նահանգների հիմնական քաղաքական կուսակցությունների թշնամությունը և փոխել իր երկրի քաղաքական ուղեգիծը:

Նախապես հրապարակված ցանկի համաձայն, մասնավորապես, 2016-ին տարվա մարդ տիտղոսին էին հավակնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, Սպիտակ տան ղեկավարի աթոռի համար պայքարող Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, երգչուհի Բեյոնսեն: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Time ընթերցողների քվեարկության արդյունքում հենց նա է ճանաչվել «տարվա մարդ», սակայն վերջնական որոշումը կայացնում է ամսագրի խմբագրությունը:

TIME-ը «Տարվա մարդ» տիտղոս է շնորհում 1927 թվականից՝ տարվա իրադարձությունների վրա ազդեցություն թողած անհատներին, նույնիսկ երևույթներին կամ հավաքական կերպարներին։