ՀՅԴ-ը ղեկավար անդամը չի բացառում գալիք ընտրություններին դաշինքի կազմում մասնակցելը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արխիվ:

«Դա հիմա դժվար է ասել, որովհետև առջևում դեռ շատ հստակեցումների խնդիր կա, դեռ հայտնի չեն բոլոր մասնակիցները, հայտնի չեն իրենց ծրագրերը: Էս ամենը նկատի ունենալով՝ արդեն հետագայում կարելի է այդ խնդիրներին անդրադառնալ: Բայց այս պահին մեր որոշումը շատ հստակ է՝ մենք պատրաստվում ենք գնալ առանձնաբար», - հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով այդուհանդերձ, որ «ոչ մի բան չի բացառվում»․ - «Մենք պատրաստ ենք ամենալայն համագործակցության, բայց՝ մեր հետապնդած նպատակների շուրջ»:

Նրա խոսքով՝ իրենք վստահ են, որ 2017-ի ընտրություններին նվազագույն շեմը կհաղթահարեն, իսկ դաշինքների մասին մտածելու անհրաժեշտությունը կառաջանա՝ եթե ընդդիմադիր դաշտը համախմբի․ - «Կարծում եմ, էդ միավորումները նաև կբերեն հնարավորություն, որ մենք էլ մեր անելիքները հստակեցնենք, մեր մարտավարությունը հստակեցնենք: Եթե կլինի բևեռացում այն աստիճանի, որ պարզապես «կողմ» և «դեմ»-եր կլինեն, էդտեղ, բնականաբար, պետք է արդեն մնացած ուժերը մտածեն, թե արանքում լինե՞լը ճիշտ է, թե՞ կոնկրետ կողմնորոշվելը»:

Դիտարկմանը, թե միավորվելով մրցակիցները ուժեղանում են, Ռուստամյանն արձագանքեց․ - «Էդ ուժեղանալը միշտ բերում ա մյուս բևեռի էլ ուժեղացման, չէ՞»:

Ռուստամյանը կտրականապես հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՅԴ-ն ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ կուսակցության սփյուռքի կառույցները չեն խրախուսում հայաստանյան կառույցների ջերմ հարաբերությունները իշխանությունների հետ․ - «Բոլորովին վերջերս վերադարձել եմ Ավստրալիայի մեր կառույցից, որտեղ ամբողջությամբ լիարժեք հավանություն ա ստանում մեր վարած քաղաքականությունը: Մասնակցել եմ նաև էնտեղ իրենց ժողովին, էդ բոլոր խնդիրները քննարկվել են: [Եղել են] Հանդիպումներ համայնքի հետ, մեր կառույցի ընդլայնված կազմով ընկերների հետ: Որևէ հարց էդպիսի գոյություն չունի․․․ Դաշնակցությունը ֆինանսավորվում է այն օրինական ճանապարհներով, որ միշտ եղել ա»:

Իշխող քաղաքական ուժը նախընտրական հարցերը կքննարկի կուսակցության խորհրդի առաջիկա նիստին։ Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ առաջիկայում դաշինք կազմելու հարցը կքննարկել ՀՅԴ ներկայացուցիչների հետ․ - «Կլինի նման քննարկում: Դաշնակցությունը նման ցանկություն չի հայտնել, ոչ էլ Հանրապետականը: Բայց, համենայն դեպս, ինչպես մնացած բոլոր քաղաքական ուժերը, որոնք քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացնում, չի բացառվում, որ նաև քաղաքական կոնսուլտացիաներ լինի մեր մեջ: Մենք բազմիցս նշել ենք, որ որևէ բանակցություններից, որևէ կոնսուլտացիաներից մենք չեն խուսափում»:

Որևէ կուսակցության հետ բանակցություններից չխուսափող Հանրապետականը չի բացառում, որ անգամ երբեմնի քաղաքական հակառակորդ «Բարգավաճ Հայաստանի» հետ կարող է քննարկումներ ունենալ՝ եթե ԲՀԿ-ում նման ցանկություն ունենան: «Քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ և բարեկամներ․․․ Եթե մեկի հետ խնդիրներ ես ունենում, կոնֆլիկտներ քաղաքական դաշտում, համագործակցության բոլոր եզրերը պետք է վառե՞լ, այրե՞լ այդ կամուրջները», - ասաց Բաղդասարյանը:

Հետաքրքվեցինք, թե փոխվել է արդյոք ՀՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի հանդեպ վերաբերմունքը 2015-ի փետրվարի Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդին Սարգսյանն անվանել էր քաղաքական չարիք։ Բաղդասարյանի պատասխանը․ - «Երբ որ կլինի հայտարարություն վերջնական, դրա մասին մենք անդրադարձ կկատարենք»:

Մինչ Հանրապետականն առայժմ խուսափում է Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ մեկնաբանությունից, դաշնակցակաները վստահեցնում են, որ ԲՀԿ-ի նախկին առաջնորդի՝ ակտիվ քաղաքականություն վերառառնալը «նորմալ է»։

Իսկ թե ում նկատի ուներ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, երբ ասում էր, թե Ծառուկյանի վերադարձի լուրերից հետո դեղատներում վալերիանկայի պաշարները սպառվել են, Արմեն Ռուստամյանը չգիտի․ - «Տիկին Զոհրաբյանի մտքի թռիչքներին թող հետևեն իր համախոհները: Եվ իրեն հարցրեք, թե վալերիանկաների հետ կապված էդ ելումուտի բալանսը որտեղից գիտի․․․ Ես դեղատներից տենց հարցում չեմ արել»: