Փաստաբան՝ Եղնուկյանի գործն առանձնացնելու պահանջով կհասնենք մինչև Եվրադատարան

Փաստաբան Տիգրան Հայրապետյան, արխիվ

«Ազատությունը» զրուցել է Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ:

«Ազատություն»- Կարո Եղնուկյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, ո՞րն է ձեր գնահատականը և ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել հիմա:

Տիգրան Հայրապետյան- Նախաքննությունն ավարտվել է, սակայն, որևէ տրամաբանություն չկա, որ Եղնուկյանի ու ևս 13 անձանց համատեղ դատաքննություն իրականացվի, որովհետև Եղնուկյանին այդ 69 հատոր գործերից վերաբերում է ամենաշատը 1-2 հատորը: Եվ Եղնուկյանն այժմ ստիպված պետք է լինի տարիներով դատաքննությանը մասնակցել էն պարագայում, երբ ակնհայտ է՝ նրա կողմից որևէ գործողություն չի կատարվել:

Այսինքն՝ մեկ-երկու հեռախոսազանգ ունենալ զինյալ խմբի [«Սասնա ծռեր»-ի] անդամների հետ ու դրանից հետո տարիներով գտնվել դատաքննության փուլում, կնշանակի, որ Եղնուկյանին շարունակում են պատժել: Իհարկե՝ միջնորդելու ենք, որ Եղնուկյանի գործն առանձնացնեն: Եթե չառանձնացվի, չգիտեմ, պետք է բողոքենք մինչև Եվրոպական դատարան, որպեսզի ձգձգվող դատաքննությանը Եղնուկյանը չմասնակցի:

«Ազատություն»- Իսկ ին՞չ կասեք մեղադրանքի առնչությամբ:

Տիգրան Հայրապետյան- Մենք 3 ամիս շարունակ ասում ենք, որ մեղադրանքն անհիմն է, անհեթեթ է, արհեստածին է, որովհետև, ըստ էության, նրան մեղադրում են 4 գործողությունների մեջ, որոնք մարդու իրավունքների և ազատությունների հետ կապ ունեն․ կամայական անձը կարող էր տեղեկություններ հրապարակել, հավաքներ կազմակերպել, և այստեղ ոչ մի քրեական մեղադրանք չի կարող լինել:

Վերջին ժամանակներս դա հենց վարույթն իրականացնող մարմինը հաստատեց: Մեղադրանքի, այսպես ասած՝ նկարագրությունը փոխվեց, բայց մեղադրանքն, ըստ էության, թուլացվեց: Այսինքն՝ եթե նախկինում Եղնուկյանին մեղադրում էին, որ նա միջոցներ է ձեռնարկել, տեղեկություններ է հրապարակել, այժմ մեղադրում են, որ նա մեկ այլ անձի օգնությամբ, միջոցով է տեղեկություն հրապարակել: Այսինքն՝ ինքը չի հրապարակել:

Մանրամասները՝ կցված աուդիոֆայլում