ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը 1915-ի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուեր, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը անցած շաբաթ 1915 թվականի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, հարց բարձրացնելով՝ արդյոք Օբամայի վարչակազմը ծածուկ ճանաչել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի հայերի կոտորածը որպես ցեղասպանություն:

«Ցեղասպանություն եզրույթը տևական ժամանակ տաբու է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, ով դրա փոխարեն խոսում է զանգվածային կոտորածների ու պատմական ողբերգության մասին: Սակայն ՄԱԿ-ում Օբամայի դեսպանը անցած շաբաթ իր ղեկավարից ավելի հեռուն գնաց», - հաղորդում է Associated Press-ը, մանրամասնելով՝ Նյու Յորքում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Սամանթա Փաուերը խոսել է մինչ օրս շարունակվող պատմական անարդարությունների մասին, այդ շարքում հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:

«Փաուերը ընդամենը հինգ բառ ասաց՝ առանց մանրամասնելու, սակայն այդ հինգ բառը կարող են գազազեցնել Ամերիկայի գործընկեր և ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային, որը կատաղի ձևով ընդդիմանում է Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակման», - փաստում է գործակալությունը, ընդգծելով՝ հայտարարությունը արտառոց էր նաև՝ հաշվի առնելով, որ Սամանթա Փաուերը կարգավիճակով Ամերիկայի երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետն է, և սա կարող է ընկալվել որպես նրա կողմից քննադատություն Բարաք Օբամայի հասցեին:

«Առաջին անգամ առաջադրվելով Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում՝ Բարաք Օբաման խոստացավ հաղթանակի դեպքում ճանաչել հայերի ջարդերը որպես ցեղասպանություն, բայց հետո պարբերաբար դրժեց խոստումը՝ ապրիլի 24-ի իր ուղերձներում տեղի ունեցածը բնորոշելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային կոտորածներ և ողբերգություն, որ չպետք է կրկնվի», - հիշեցնում է Associated Press-ը:

Ի դեպ, ինքը Սամանթա Փաուերը մինչև Օբամայի վարչակազմ մտնելը ամերիկյան հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող էր, որը բավական հաճախ էր անդրադառնում ցեղասպանությունների հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը: «Պաշտոնյաները պնդում են, որ կուլիսներում նա հետևողականորեն աշխատել ու համոզել է Օբամային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - հաղորդում է Associated Press-ը: Վերջինիս խոսնակ Քուրթիս Քուփերը, մեկնաբանելով դեսպանի խոսքերը, պնդել է՝ դրանք չեն վկայում վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին և նպատակ են ունեցել «համոզել այլոց ակտիվ պայքարել և ոչ թե կողքից նայել անարդարություններին, զանգվածային ջարդերին ու ցեղասպանությանը»:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները ևս պնդել է, թե այս հարցում ամերիկյան պաշտոնական ուղեգիծը չի փոխվել: «Նախագահն ու վարչակազմի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս սգացել են և ճանաչել են մեկևկես միլիոն հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները՝ ընդգծելով, որ պատմական փաստերի ամբողջական, անկեղծ ու արդար ճանաչումը բխում է բոլորի շահերից», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը: