Պուտինը Թրամփին համարում է խելացի մարդ

Ռուսաստան - Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի պատկերներով «մատրյոշկաներ» Մոսկվայի հուշանվերների խանութներից մեկում, արխիվ

ԱՄՆ ընտրյալ նախագահին Ռուսաստանում դեռ սիրում են:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է խելացի մարդ: Այս մասին նա ասել է НТВ հեռուստաընկերության վերլուծական ծրագրի ղեկավար Իրադա Զեյնալովային տված հարցազրույցում:

«Թրամփը գործարար է, այսօր նա արդեն պետական գործիչ է՝ աշխարհի առաջատար երկրներից մեկի, առաջատար տնտեսություն ունեցող, առաջատար ռազմական երկրներից մեկի ղեկավարն է, և քանի որ նա կարողացել է հաջողության հասնել բիզնեսում, սա խոսում է այն մասին, որ նա խելացի է և, այսինքն, բավականին գիտակցում է պատասխանատվության մակարդակը», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի իշխանությունները ելնում են հենց այս հանգամանքից:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը պատմել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, և սա նրանց արդեն երկրորդ հեռախոսազրույցն էր Միացյալ Նահանգներում անցած ընտրություններից հետո:

Մոսկվայում դեռ ակնկալում են, որ Թրամփի հաղթանակը կարող է կարգավորել ռուս - ամերիկյան հարաբերություններում ստեղծված ճգնաժամը, որը փորձագետները որակում են որպես երկրորդ «սառը պատերազմ», սակայն որոշակի մտահոգություն Մոսկվայում առաջանում է ԱՄՆ ընտրյալ նախագահի կադրային քաղաքականության հետևանքով:

Այսպես, նոյեմբերի կեսերին արդեն հայտնի դարձավ, որ Թրամփը պետքարտուղարի թեկնածուների շարքում դիտարկում է նաև Միթ Ռոմնիին, ով դեռևս 2012 թվականին հայտարարել էր, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ մեկ աշխարհքաղաքական թշնամին է:

Այդուամենայնիվ, Դոնալդ Թրամփին Ռուսաստանում դեռ սիրում են, օրինակ՝ Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի հուշանվերների խանութներում ամենավաճառվող ապրանքներից մեկն այսօր Թրամփի պատկերով ռուսական հայտնի տիկնիկները՝ «մատրյոշկաներն» են: