Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը (ավելի քան 50 անգամ)` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ (շուրջ 550 կրակոց) և դիպուկահար հրացաններ (33 կրակոց): Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով նաև, որ առաջնագծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (ՁՀՆ-7):
Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը, ասված է հաղորդագրությունում:
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: