Ավելի քան մեկ ամիս առաջ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, թե իր համար քաղաքականության էջը վերջնականպես փակված չէ և, անհրաժեշտության դեպքում, կարող է վերադառնալ, այսօր կուսակցությունը պաշտոնապես դիմեց գործարար պատգամավորին՝ «ակտիվ քաղաքականություն վերադառնալու» հորդորով։
ԲՀԿ խորհուրդը «տասնյակ հազարավոր քաղաքացիների» անունից, դիմեց ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ «քննարկել ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ նիստից հետո գնացել են Գագիկ Ծառուկյանի տուն, փոխանցել ԲՀԿ խորհրդի հայտարարությունն ու զրուցել նրա հետ: «Հավաքվել գնացել ենք, ոչ բոլորով, իհարկե, զրուցել ենք պարոն Ծառուկյանի հետ, և մոտ օրերս ինքը հայտարարությամբ հանդես կգա»,- ասաց պատգամավորը:
Նախագահ Սարգսյանի կողմից 2015 թվականի փետրվարին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» որակվելուց հետո քաղաքականությունը լքած Ծառուկյանին ԲՀԿ խորհուրդը դիմել է մի քանի հիմնավորումներով: Ըստ այդմ՝ «ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է երկրում ունենալ հանրային-քաղաքական մեծ համախմբում», որը, «ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը»։
Միքայել Մելքումյանը շարունակում է՝ «Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու կենսական պահանջն ակնհայտ է»: Պատգամավորի կարծիքով, Գագիկ Ծառուկյանը դրականորեն է տրամադրված քաղաքականություն վերադառնալու հարցում։ «Ինքը դրա մասին կասի, բայց իմ անձնական կարծիքով, ինքն անպայման ժողովրդի և կուսակցության պահանջը հաշվի կառնի»,- ասաց Մելքումյանը:
Իր հիմնադրած կուսակցության նախագահի պաշտոնը լքելուց ավելի քան 1,5 տարի անց Ծառուկյանն առաջին անգամ անցած հոկտեմբերի 26-ին խոսեց քաղաքական էջը կրկին բացելու հնարավորության մասին: Ապա, օրեր անց, պարզաբանեց՝ «իրեն պետք է խնդրեն, որ մտնի այդ ծանրության տակ»։
Ծառուկյանի կողմից իշխանափոխության պահանջ հնչեցնելուց կարճ ժամանակ անց, երկրի նախագահը ԲՀԿ նախկին ղեկավարի հասցեին վիրավորական երանգներով համեմված քննադատություն հնչեցրեց: Դրանից գրեթե 2 տարի հետո Ծառուկյանը կրկին կդառնա՞ իշխանությունների սուր քննադատը, այս հարցին Միքայել Մելքումյանը պատասխանեց՝ «ԲՀԿ նախկին առաջնորդն ինքը դա կորոշի»: