Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակում «դրական տեղաշարժ կա»

Երևանի զինվորական հոսպիտալը, արխիվ

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենը հավաստիացնում է, որ բացի երկու զինծառայողներից, վերջին օրերին ոչ մի այլ վիրավորի իրենք չեն ընդունել։

Լեռնային Ղարաբաղից մի քանի օր առաջ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայող Քաջիկ Բադալյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել և վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Ըստ նրա, 24-ամյա պայմանագրային զինծառայողի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։

«Տեղափոխվել է ընդհանուր վնասվածքաբանական բաժանմոունք։ Այսինքն, դա նշանակում է, որ նա վերակենդանացման բաժանմունքի կարիք չունի»,- ասաց Ասատուրյանը։ Վերջինս հավելեց՝ թեև զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա, բայց խոսել կյանքին վտանգ չսպառնալու մասին, դեռ վաղ է։ Հիշեցնենք՝ Քաջիկ Բադալյանը ստացել է որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:

«Հրազենային վնասվածքներն ի սկզբանե ենթադրում են բավականին լուրջ հետևանքներ, նաև ամենավատագույն ելքը։ Դրա համար մենք կյանքին վտանգ սպառնալու մասին երբևիցե չենք խոսում նման վիրավորումների դեպքում»,- շարունակեց հոսպիտալի տնօրենը։ Նա նշեց նաև, որ Բադալյանի առողջական վիճակի կայունացման դեպքում, նրա ազդրի վիրահատական միջամտություն է սպասվում։ Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին՝ Կարապետ Միքայելյանին, ապա, Ասատուրյանի խոսքով՝ վերջինս դեռ վերակենդանացման բաժանամունքում է, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ 19 տարեկան ժամկետային զինծառայողը ստացել էր գլխի թափանցող վիրավորում։

Զինվորական հոսպիտալի տնօրենը «Ազատությանը» վստահեցրեց, որ բացի այս երկու զինծառայողներից, վերջին օրերին ոչ մի այլ վիրավոր զինծառայողի իրենք չեն ընդունել։ Նշենք, սակայն, որ օրեր առաջ վիրավորված մեկ այլ զինծառայող էլ՝ 32-ամյա Գագիկ Պողոսյանը, գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում: Նրա առողջական վիճակի մասին մեզ տեղեկություն փոխանցեց հոսպիտալի պետ Զորիկ Սաղյանը։ «Առողջական վիճակը բավարար է, այսօր տեղափոխել ենք բաժանմունք, համապատասխան բուժումը ստանում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- տեղեկացրեց Սաղյանը։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մոտ 90 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվելով ավելի քան 1000 կրակոց: Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից, արևելյան ուղղությամբ էլ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ։

«Ազատության» հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը փոխանցեց, որ հակառակորդի ակտիվությունը զսպելու համար հայկական կողմը դիմել է պատասախան գործողությունների։ «Այս պահին դիմել են պատասխան գործողությունների և ստիպել են, որպեսզի հակառակորդը լռի, այս գիշեր կրկին խախտումներ եղել են, վիրավորներ, բարեբախտաբար, չունենք»,- ասաց Բաբայանը։ Նա հավելեց՝ դեկտեմբերն այն ամիսն է, երբ Ադրբեջանը թե՛ քանակական, թե՛ որակական առումով սկսում է համեմատաբար ավելի շատ խախտել զինադադարի ռեժիմը։

«Ունեն որոշ օրեր, որի ժամանակ գրգռվում են հատուկ ձևով։ Դեկտեմբերի 12-ին Հեյդար Ալիևի մահվան օրն է, 24-ին, եթե չեմ սխալվում, Իլհամի ծնունդն է։ 31-ին նոր տարի է և ադրբեջանցիների միջազգային օրն է։ Այդ տոն օրերը նրանք յուրահատուկ են տոնում, չակերտներով»,- ասաց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Բաբայանի խոսքով՝ թեև շփման գծում կրակոցներ կան, բայց իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է։